Բաժիններ՝

«Երևանյան հեռանկարներ»-ի հյուրը լինելու է Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը և Նեեմե Յարվին

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանի բացումը տեղի կունենա հունիսի 11-ին: Հայաստանի և փառատոնի հյուրն է լինելու «Գրեմմի» մրցանակի արժանացած Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը: Համերգը ղեկավարելու համար ԱՄՆ-ից Երևան է ժամանելու ծագումով էստոնացի լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին: Այս մասին տեղեկացրին «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի գրասենյակից՝ հավելելով. «92 տարվա պատմություն ունեցող նվագախումբը շրջագայել է գրեթե բոլոր աշխարհամասերում, աշխատել դարի ականավոր դիրիժորների և մենակատարների հետ, թողարկել նշանակալից ձայներիզներ` համագործակցությամբ ամենահայտնի ընկերությունների հետ: Նվագախմբի «տունը» Տալինի «Էստոնիա» համերգասրահն է: Խմբի նվագացանկը ընդգրկում է բարոկկո և դասական երաժշտությունից մինչև ժամանակակից կոմպոզիտորներ:

Նեեմե Յարվին դիրիժորական դինաստիայի նախահայր է, 2010թ.-ից Էստոնիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է և գլխավոր դիրիժորը, իսկ 2017-ին արժանացել է «Պատվավոր գեղարվեստական ղեկավար» կոչմանը։ Մաեստրո Յարվին ղեկավարել է Էստոնիայի ազգային օպերան, Գոթենբուրգի սիմֆոնիկ նվագախումբը, Թագավորական շոտլանդական ազգային նվագախումբը, Դեթրոյթի սիմֆոնիկ նվագախումբը, Նյու Ջերսիի սիմֆոնիկը, Ռոմանական Շվեյցարիայի նվագախումբը այլ հեղինակավոր նվագախմբերի շարքում: Նեեմի Յարվին թողարկել է դասական երաժշտության համաշխարհային գանձարանը համալրած 600 ձայնագրություն:

Դարի ականավոր դիրիժորներից մեկի` Նեեմե Յարվիի հետ հանդիպումը Հայաստանում սպասված է եղել տասնամյակներ:

Համերգի մենակատարը տաղանդավոր էստոնացի դաշնակահար Միհկել Պոլլն է: Արվեստի դոկտորի կոչում ունեցող երաժիշտը ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի և դիրիժորների հետ: Նա նաև հանդես է եկել մենահամերգներով` ամենահեղինակավոր համերգասրահներում: Ստացել է մի շարք միջազգային երաժշտական մրցույթների առաջին մրցանակները` Իտալիայում, Էստոնիայում և Իսպանիայում:

Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի իրադարձային այցը Հայաստան և համերգը նվիրվում է Էստոնիայի և Հայաստանի Հանրապետությունների 100-ամյա հոբելյանին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս