««UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Վարչապետը նախ շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել այնտեղ ստեղծված պայմաններին, կրթական հնարավորություններին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով դպրոցի շրջանավարտներին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Հայաստանում նման դպրոցի առկայությամբ: «Սա ապագա Հայաստանի խորհրդանիշն է, որը լինելու է սիրո և համերաշխության, բարձր մակարդակի կրթություն ապահովող պետություն: Գյումրիից մեկնարկած քայլերի ընթացքում ես անցել եմ այստեղով, տխուր էի՝ տեսնելով այս վայրի և շրջապատող տարածքների տարբերությունը: Բայց այս պահին հասկացա, որ այս դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն Դիլիջանի բնակիչների կամ նրանց համար, ովքեր կանցնեն այստեղով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հավելել է, որ ոգևորված է դպրոցում ստեղծված դրական մթնոլորտով և կարևորել է բարձր մակարդակի կրթության ապահովումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկրում առկա կրթական խնդիրները հետևողականորեն լուծվելու են: «Մենք երջանիկ ենք տեսնելու ձեզ Հայաստանում, հույս ունենք, որ դուք կպատմեք մեր երկրի պատմությունը, երբ վերադառնաք ձեր երկրներ, կպատմեք, որ մենք փոքր երկիր ենք, բայց մեծ սրտով մարդկանց երկիր ենք, ժողովրդավար և համերախշ»,- դիմելով շրջանավարտներին` նշել է վարչապետ Փաշինյանը:
Դիլիջանի միջազգային դպրոցն ավարտում է 104 ուսանող աշխարհի 63 երկրից: Շրջանավարտներից 10-ը հայեր են: Դպրոցն արդեն 3-րդ անգամ է շրջանավարտ տալիս:
Դպրոցում ներկայումս սովորում է 210 ուսանող աշխարհի 80 երկրից: Ուսանողների 96 տոկոսը սովորում է մասնակի կամ լրիվ կրթաթոշակով: Դիլիջանի միջազգային դպրոցը գործում է 2014 թվականի հոկտեմբերից: