Բաժիններ՝

Ամատունի Վիրաբյանը՝ ՏԶԿ նախարարի հրամանով Ազգային արխիվի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին

Հայաստանի ազգային արխիվը հետխորհրդային տարածաշրջանի ամենալիբերալ արխիվն է։ Այն բաց է բոլորի համար եւ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հետազոտողները, ուսումնասիրողները հնարավորություն ունենան ստանալու իրենց հետաքրքրող նյութերը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, անդրադառնալով մայիսի 21-ին Lragir.am-ում հրապարակված բաց նամակում հնչած դժգոհություններին, նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով «Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ»-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հանգամանքին։

Վիրաբյանը պատմում է, որ ՀՅԴ թանգարանի ֆոնդերը Հայաստանի առաջին Հանրապետության վերաբերյալ փաստաթղթերով համալրելու նպատակով արխիվ է գնացել թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը։ Վերջինիս ուղեկցել է Երիտասարդ պատմագետների միության հիմնադիր-նախագահ Մայքլ Բաբայանը։

Շուրջ 4-5 հազար փաստաթղթի պատճեններ են տրամադրել։ Որոշ ժամանակ անց արխիվի աշխատակիցները հանդիպել են մի կայքէջի, որտեղ տեղադրված են եղել փաստաթղթերը եւ որոշակի վարձավճարի դիմաց առաջարկվել է օգտվել դրանցից։ Հետագայում դրանք հեռացվել են, բայց ավելի վաղ արխիվի որոշ աշխատողներ հասցրել են նկարել (screen shot) այդ էջերը։ (Ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերում է Երիտասարդ պատմագետների միության կայքէջին։ Այնտեղ Բաբայանի ամանորյա շնորհավորական ուղերձում գրված էր, որ պատրաստվում են ստեղծել թվային արխիվ, որտեղից կարող են օգտվել եւ տեղեկություններ, փաստաթղթեր ստանալ Առաջին հանրապետության վերաբերյալ: Ի դեպ, երեկ ընդամենը կես ժամ տարբերությամբ կայքէջը հեռացվել էր օգտատիրոջ կողմից)։

Երբ Մ․ Բաբայանը երկրորդ անգամ է այցելել արխիվ ուսումնասիրության, նրա դիմումը մերժվել է, քանի որ նա խախտել է արխիվի ընթերցասրահից օգտվելու կանոնները։ Կանոնների մասին տեղեկացվում է յուրաքանչյուրն առաջին իսկ այցի ժամանակ։ Այդ մասին տեղեկատվական թերթիկը փակցված է նաեւ ընթերցասրահում։ Դեպքը տեղի է ունեցել այս տարեսկզբին։ Իսկ օրեր առաջ հրապարակվեց բաց նամակը, որն այսօրվա դրությամբ ստորագրել են երեսունից ավելի քաղաքացիներ։

Արխիվի տնօրենը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ նամակը ստորագրած քաղաքացիներից արխիվից օգտվելու համար դիմել են միայն երեքը՝ Մայքլ Բաբայանը, Անուշ Ամսեյանը եւ Վոլոդյա Հարությունյանը։ Նամակում նշված քննադատություններն առարկայական չեն, կոնկրետ նշված չէ, թե ում, երբ եւ ինչ հարցով է մերժել։ «Մենք ոչ թե որոշում ենք, թե որ նյութը տրամադրել կամ որը՝ ոչ, այլ տարիների ընթացքում կուտակված գիտելիքների եւ փորձի հիման վրա աշխատում են օգնել եւ խորհուրդներ տալ»,- ասաց Վիրաբյանը։

Այսօր որեւէ փակ ֆոնդ չկա։ Կան անձնական ֆոնդեր, որոնց գաղտնիությունը սահմանված է մինչեւ 100 տարի։ Օրենքի նախագծում իրենք նախատեսել էին այդ ժամկետը սահմանել 75 տարի՝ հաշվի առնելով մարդու կյանքի միջին տեւողությունը, սակայն ԱԺ գիտության, կրթության,մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այն ժամանակվա հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի առաջարկությամբ, 75-ը դարձել է 100 տարի։ Կան նաեւ մի քանի ֆոնդեր, որոնք հանձնվել են արխիվ այն պայմանով, որ միայն իր համաձայնությամբ կարող են թույլ տալ օգտվելու դրանցից ինչպես օրինակ՝ Պարույր Հայրիկյանի եւ Հայոց համազգային շարժման ֆոնդերը։

Անդրադառնալով գնային քաղաքականությանը, Վիրաբյանն ընդունում է, որ Հայաստանի պայմաններում մեկ էջի համար 200 դրամը փոքր գումար չէ, բայց իրենք հնարավորություն են տալիս ուսանողներին, թոշակառուներին եւ այլ խմբերի զեղչերով եւ անգամ անվճար օգտվելու փաստաթղթերի պատճենահանումից։ «Արխիվը մշտապես զարգացող կառույց է։ Մեր պետության ֆինանսական հնարավորությունները մեծ չեն եւ բոլոր ֆինանսական խնդիրները հոգալ չի կարող։ Դրա համար ստիպված ենք գումար աշխատել արխիվային ծառայություններ մատուցելու միջոցով, որպեսզի այդ միջոցներն ուղղենք արխիվային գործի զարգացմանը։ Այսօր արխիվի բոլոր շենքերը վերանորոգված են, երեք շենքերն էլ ունեն կաթսայատներ, ավտոմատ ջեռուցում, իսկ ամռանն էլ սառը օդի մատակարարում»,- մանրամասնեց նա։

Համեմատական անցկացնելով այլ երկրների հետ, արխիվ տնօրենը նշեց, որ եթե Վրաստանի արխիվում գործ մատակարարելը վճարովի է, ամեն մի գործի համար գանձվում է 10 թեթրի, ապա մեզ մոտ ընթերցասրահում աշխատելն անվճար է։ Հետազոտողը գումար է վճարում այն դեպքում, երբ որեւէ փաստաթղթի լուսապատճեն է ուզում ստանալ։ Վրաստանում մեկ էջի պատճեն 2.5 լարի է, իսկ Ռուսաստանում՝ 5 դոլարին համարժեք ռուբլի։

ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ»-ի նկատմամբ, որի համար հիմք է հանդիսացել lragir.am-ում մայիսի 21-ին հրապարակված բաց նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին։ Նամակում գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ իրենց դժգոհություններն են արտահայտում արխիվի տնօրենի նկատմամբ։

Մի խումբ այլ գիտնականներ հանդես են եկել պատասխան բաց նամակով, իրենց աջակցությունը հայտնելով եւ միաժամանակ հերքելով Հայաստանի ազգային արխիվի եւ նրա ղեկավարի հասցեին հնչած քննադատությունները։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս