«Անընդհատ զանգահարում են ու բոլորը խոսքը մեկ արած ասում՝ «թե բա քեզ պետք էր»». Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ շատ ընկերներ ու ծանոթներ անընդհատ զանգահարում են ու բոլորը խոսքը մեկ արած ասում «թե բա քեզ պետք էր»։
Չեմ հասցնում պատասխանել բոլորին։ Ասեմ, որ ինձ պետք չի, բայց ճշմարտությունը դառն է ու շատ կոնկերտ։ Այ սա, բոլորիս է պետք։
Հ.Գ. – Այս թեմային այլևս չեմ անդրադառնալու։
Հ.Հ.Գ.- Արտակ Դավթյանին մաղթում եմ բարի ծառայություն»։
Հիշեցնենք, որ Ա.Աղաբեկյանը ֆեյսբուքյան երեկվա գրառումը լուրջ քննարկումների թեմա է դարձել սոցցանցում: Նա իր մտահոգություն է հայտնել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակմամբ՝ գրելով.
«Արդեն 10 տարուց ավելի է ինչ թողել եմ Զինված ուժերը, բայց, ի տարբերություն, բանակը թողած շատ գեներալների, երբեք անտարբեր չեմ եղել Զինված ուժերում իրականացվող թե բարեփոխումների և թե կադրային քաղաքականության նկատմամբ, միշտ ունեցել եմ հստակ կարծիք, որի հետ հաշվի են նստել բոլոր ժամանակների նախարարները և մեծ ու փոքր պետերը։ Պարտավոր եմ հրապարակային բարձրաձայնել իմ կարծիքը Գլխավոր շտաբի նորանշանակ պետի նշանակման վերաբերյալ։ Արտակին ճանաչում եմ 1994 թվականից, երբ դեռ Մեղրիի գնդի շտաբի պետն էր՝ խիզախ կապիտան։ Իր հետագա կարիերիայում մեծ դեր եմ ունեցել։ Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։ Անկեղծ անհանգիստ եմ»։