Նախորդ տարի կայացված արդարացման դատավճիռների հիմքում քրեական օրենսգրքի նորմերի խախտումների կշիռն էականորեն նվազել է

Մեղադրանքի պաշտպանության ոլորտում աշխատանքի արդյունավետության կարևոր չափանիշ համարելով արդարացման դատավճիռների, մեղադրանքը վերաորակող մեղադրական դատավճիռների վիճակագրությունը և բովանդակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում դեռևս 2016 թ. հատուկ ուսումնասիրվել և դեկտեմբերին հրավիրված կոլեգիայի նիստում ամփոփվել էին 2015 թ. կայացված արդարացման դատավճիռները՝ դրանց հիմքում ընկած՝ օրենքի մեկնաբանության և կիրառության օրինաչափ խնդիրները վեր հանելու և լուծելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ամփոփման արդյունքների հիման վրա ՀՀ դատախազության կոլեգիայի 2016 թ. դեկտեմբերի 16-ի նիստում ընդունված որոշմամբ տրվել են վեր հանված խնդիրների լուծումներ, որոնք վերաբերել են վիճելի իրավամեկնաբանություններին, իրավական թերկարգավորումների կամ այլ գործնական խնդիրների պատճառով առկա խնդրահարույց իրավիճակներում օրենքի այս կամ այն կերպ կիրառությանը, դատավարական պրակտիկայում օրինաչափություն դարձած խախտումների բացառմանն ու չեզոքացմանը:

«Դատախազության կոլեգիայի նշված որոշումը փաստացի վերածվել է աշխատանքային ուղեցույցի՝ կիրառության մեկ տարվա ընթացքում էականորեն լուծելով իր առջև դրված խնդիրը: Դրա վկայությունն առաջին հերթին 2017 թ. կայացված արդարացման դատավճիռների հիմքերի որակական առանձնահատկություններն են:

2017 թ. կայացված արդարացման դատավճիռների ուսումնասիրությամբ կարելի է փաստել, որ 2015 թ. համեմատությամբ՝ 2017 թ. կայացված արդարացման դատավճիռների հիմքում քրեական օրենսգրքի կամ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի խախտումների տեսակարար կշիռն էականորեն նվազել է:

2017 թ. կայացված արդարացման դատավճիռների մեծամասնությունը պայմանավորված է մեղադրանքը հիմնավորելու համար քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարարության կապակցությամբ քրեական հետապնդման մարմնի և դատարանի հետևությունների տարբերությամբ: Ավելի պարզ ասած՝ երբ քրեական հետապնդման մարմնի կողմից մեղադրանքը հիմնավորելու համար բավարար դիտված ապացույցները դատարանի կողմից դրանց գնահատմամբ նույն գնահատականին չեն արժանանում:

Անհերքելի է, որ ապացույցների բավարարության սահմանային իրավիճակներում ընդունելին մեղադրանքի հիմնավորվածության հենց դատական գնահատումն է, որն ապահովում է քրեական վարույթում մասնավոր շահեր հետապնդող սուբյեկտների, այդ թվում՝ տուժողի համար արդարադատության մատչելիությունը:

Այսպիսով, 2017 թ. արձանագրված դրական վիճակագրական տվյալները 2016 թ. վերջին կատարված համակողմանի վերլուծության հիման վրա տրված հանձնարարականների ընդամենը մեկ տարվա գործողության արդյունք են: Ընդ որում՝ այդ հանձնարարականները վերաբերել են ոչ միայն իրավամեկնաբանության կամ կիրառության կոնկրետ իրավիճակի լուծմանը, այլև ունեն պրակտիկայի հստակության և միասնականության ապահովման ուղղվածություն:

Օրինակ՝ 2017 թ. կայացված արդարացման դատական ակտերը, որոնցում իրավունքի նորմերին տրված մեկնաբանություններն ընդունվել են, և դատական ակտերը չեն բողոքարկվել, ուղարկվել են դատախազության բոլոր ստորաբաժանումներին, քննարկվել են օպերատիվ խորհրդակցություններում՝ խնդրի մասին անհապաղ իրազեկելու և հետագայում բացառելու համար:

Բացի դրանից, նշված բոլոր դեպքերում դատախազի դատավարական գործողությունները պարտադիր դարձել են քննարկման առարկա, և, ընդհանուր առմամբ, մեղադրանքի պաշտպանության ոլորտում թույլ տրված խախտումների կապակցությամբ իրականացվել է 14 ծառայողական ուսումնասիրություն, որոնցից 2-ով խախտումներ թույլ տված դատախազներն ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է արտահերթ ատեստավորում, իսկ թույլ տրված 10 խախտումները քննարկվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ հրավիրված օպերատիվ խորհրդակցություններում»,- գրել է Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս