Բաժիններ՝

«Աշխարհում հաջողված գրեթե բոլոր կրթական համակարգերը հիմնվել են ուսուցչի և նրա նկատմամբ բացարձակ վստահության վրա». Արամ Փախչանյան

Հայաստանում այլընտրանքային կրթության զարգացման ու կրթական համակարգի բարելավման նպատակով ստեղծվել է «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միություն», որը ձևավորվել է ՀՀ կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ ուսումնական հաստատությունների և անհատների նախաձեռնությամբ: Միության գործունեության հիմքը դրվել է կողմերի միջև ստորագրված հռչակագրով։ Միության անդամները, լինելով տարբեր մանկավարժական մոտեցումների կողմնակիցներ, համոզված են, որ համագործակցության և գաղափարների փոխանակման, ստեղծագործական որոնումների մթնոլորտը կնպաստի ամբողջ կրթահամակարգի զարգացմանը:

Այս մասին ասօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում մանրամասներ հայտնեցին այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության հիմնադիր անդամներ՝ «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ-ի դասախոս Արա Աթայանը, կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս Սերոբ Խաչատրյանը:

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը նկատում է՝ ցանկանում է մի քանի խնդիրներ միաժամանակ բարձրացնել, որոնք ժառանգվել են Խորհրդային Միության՝ իր ժամանակին և իրողությանը համապատասխան բավական արդյունավետ կրթական համակարգից. «Ցավոք, տարիներ շարունակ մենք չենք վերանայել շատ թերություններ, որի մեջ է մտնում նաև, ինչպես արդեն նշվեց, մասսայական մոտեցման խնդիրը: Կարծում եմ՝ հենց սա է, որ հնարավորություն չի տալիս առաջ մղել և առաջնային դարձնել կրթական այլընտրանքը: Բոլոր այն կրթական կենտրոններին, որոնց այս կամ այն կերպով հաջողվել է վերանայել իրավիճակը, դրան հասել են չդադարող պայքարի միջոցով, որոնց թվում է նաև «Այբ» դպրոցը: Ես շատ կցանկանայի, որ հանրակրթական դպրոցների հաջորդ սերունդը ոչ միայն չունենա նմանօրինակ դիմադրություն, այլև ունենա այնպիսի բարենպաստ միջավայր, որտեղ գերակա կլինեն կրթական որակների խնդիրները, որպեսզի այլընտրանք ձևավորելն ու սեփական կրթական ծրագրերը մշակելը շատ ավելի դյուրին և հեշտ լուծելի հարց լինի»:

Արամ Փախչանյանը հատուկ ուշադրության է արժանացնում հանրակրթական դպրոցներում որակի վերահսկողության խնդիրը, որը, ըստ բանախոսի, բնականաբար և օրինաչափ կերպով հասարակական պահանջ է. «Որքան էլ որ մենք այլընտրանքներ առաջարկենք, դպրոց հաճախող աշակերտի ծնողը ցանկանում է, որպեսզի վստահելի մի ատյան հաստատի, որ այստեղ իրենց երեխան կարող է ստանալ լիարժեք և որակյալ կրթություն:

Բնականաբար, պետք է հաշվի առնել նաև ծնողի կարծիքը: Կարծում եմ, որ նորաստեղծ միությունը և՛ իրար ներսում, և՛ Կրթության և գիտության նախարարության, և՛ իշխանությունների ու բոլոր պատրաստակամ ուժերի հետ սերտ համագործակցության շնորհիվ կկարողանա հաղթահարել արդի կրթական համակարգի առջև ծառացած այս և բազմաթիվ այլ խնդիրներ: Այս ամենի հետ միասին, իմ կարծիքով, մի շատ կարևոր հավելում ունեմ՝ աշխարհում հաջողված գրեթե բոլոր կրթական համակարգերը հիմնվել են ուսուցչի և նրա նկատմամբ բացարձակ վստահության վրա:

Անկասկած, ցանկացած ուսուցիչ իր աճի ճանապարհին կարիք ունի և՛ աջակցության, և՛ ստուգման, և՛ որակի վերահսկողության, բայց որպես կերպար՝ հասարակության մեջ ուսուցիչը պետք է վայելի բացարձակ վստահություն: Այս իմաստով ինձ շատ են մտահոգում վերջին օրերի դպրոցներում այն զարգացումները և ուսուցիչների նկատմամբ այն վերաբերմունքը, որ տեղի է ունենում, և որի ականատեսն ենք մենք:

Մենք ուսուցիչներին հրապարակայնորեն մեղադրում ենք իրենց նախկին մեղքերի համար, բայց մոռանում ենք, որ նրանք դա արել են նմանապես նախկին համակարգի և համապատասխան իշխանությունների օրոք: Իմ կարծիքով՝ պարզապես պետք է ներել նրանց բոլոր նախկին մեղքերը և հնարավորություն տալ, որպեսզի նրանք կարողանան իրենց դրսևորել նոր համակարգում և դատել նմանապես նոր համակարգում թույլ տված սխալների ու բացթողումների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս