
Իսրայելն ավարտեց պաշտպանիչ պարսպի կառուցումը Հորդանանի հետ սահմանին. Al-Quds Al-Arabi

Իսրայելն ավարտել է 26 մետր բարձրությամբ պաշտպանիչ պարսպի ռազմավարական տեղամասի կառուցումը Հորդանանի հետ սահմանին: Այդ մասին մայիսի 18-ին հայտնել է Al-Quds Al-Arabi թերթը:
4,5 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշը կանգնեցվել է հրեական պետության հարավի Էյլաթ քաղաքի մերձակա Տիմնայում «Ռամոն» կառուցվող միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման համար:
Երկրի ղեկավարության մտահղացմամբ, պաշտպանիչ կառույցը կդառնա յուրատեսակ վահան՝ հանդերձված հատուկ տվիչներով ու հրթիռների հայտնաբերման տեխնոլոգիաներով, որոնք թույլ կտան կանխել հնարավոր հրթիռակոծումները զինյալների կողմից:
Նոր տեղամասը 6 մետր միջին բարձրությամբ եւ 34 կիլոմետր երկարությամբ պաշտպանիչ պարսպի կառուցման ընդգրկուն ծրագրի բաղկացուցիչ մասն է: Նախագծի արժեքը, գործակալության տվյալներով, կազմում է 188 մլն շեքել (52,4 մլն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: