
Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Վիլյամ Լեյսի Սվինգի շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։
«Ձե՛րդ Գերազանցություն,
Ինձ համար հաճելի է և պատիվ Միգրացիայի միջազգային կազմակերպության և անձամբ իմ անունից Ձեզ հղելու անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը շահագրգռված է շարունակելու խորացնել Հայաստանի հետ իր գերազանց համագործակցությունը և Միգրացիոն պետական ծառայության ղեկավարության հետ համատեղ ընդլայնելու Հանրապետությունում միգրացիայի կառավարման բարեփոխումները:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հանձնառու է աջակցելու Եվրոպական միության հետ ստորագրված Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, նաև՝ Հայաստանի քաղաքացիների, ներառյալ՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար դեպի ԵՄ վիզայի ազատականացման բանակցությունների մեկնարկին՝ միտված Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և օժանդակության կարիք ունեցող միգրանտների սատարմանը: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը պատիվ է համարում շարունակելու առկա նշանակալի համագործակցությունը՝ միգրացիայի ոլորտում ձեռքբերված արդյունքները ուղղորդելով ձեր հիանալի երկրի կայուն զարգացմանը:
Ձե՛րդ Գերազանցություն, ընդունեք խնդրեմ, Ձեր նոր պաշտոնում ամենայն հաջողության մաղթանքներս և խորին հարգանքներիս հավաստիքը»: