Չափազանցված սպասումների ուրվագծվող ռիսկը
Նախորդ հոդվածներից մեկում գրել էի հետհեղափոխական տնտեսության գլխավոր ռիսկերից մեկի մասին՝ չափազանցված գերլավատեսական սպասումների։ Շատերը սպասում են, որ շատ արագ իրենց սոցիալական վիճակը բարելավվելու է, թոշակները բարձրանալու են, աշխատավարձերն աճելու են, ապրանքների ու կոմունալ ծառայությունների գները նվազելու են, հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվելու, հարկերը նվազելու են, վարկերի տոկոսները վերանայվելու են, և այլն։
Նման բաներն արագ չեն լինում, իսկ որոշ բաներ ընդհանրապես հնարավոր չէ անել (օրինակ՝ վարկերի տոկոսավճարները զրոյացնել)։ Սակայն չհիմնավորված սպասումները կարճ ժամանակում վերածվում են հիասթափության և դժգոհությունների։
Անկեղծ ասած, ես կարծում էի, որ այդ չափազանցված սպասումների դրսևորումները կտեսնենք մեկ-երկու ամսից. հասարակությունը ժամանակ կտա նոր կառավարությանը։ Սակայն պարզվում է՝ սխալվում էի, մարդիկ մտադիր չեն սպասել և պահանջում են, որ իրենց խնդիրները հենց այսօ՛ր լուծվեն։
Վերջին 2 օրերի ընթացքում տարբեր տեղերում և տարբեր խավերի կողմից բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ու դեռ շարունակվում են։ Բավական է ընդամենն աչքի անցկացնել վերջին 2 օրերի լրահոսը. Հանքարդյունաբերական ընկերությունների (Զանգեզուր, Ագարակ), Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը, Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցները գործադուլի միջոցով ղեկավարությունից պահանջում են չոտնահարել իրենց իրավունքները, Սուրենավանի բնակիչները փակել են Երևան-Մեղրի ճանապարհը` պահանջելով փոխհատուցում կարկուտի վնասների համար, կաթ մթերողները բողոքում են կաթի մթերման գնից և ճանապարհ են փակել, Սևանի բնակչները փակել են մայրուղին՝ բողոքելով թերակղզու տարածքն ապօրինաբար եկեղեցուն տրամադրելու համար, Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա են անում զինկոմիսարիատների աշխատակիցները (ընդդեմ կրճատումների), տաքսիստները (պահանջում են լիցենզավորման փոփոխություն) և մեքենա ներմուծողները (պահանջում են ներմուծման կարգի փոփոխություն), Մալաթիայի շուկայում գործարարները պահանջում են վարձի նվազեցում, «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ի դիմաց՝ պահանջելով աշխատվարձերի գծով պարտքերի մարում և ընկերության վերագործարկում։
Ինչպես նկատեցիք, սրանք բոլորը սոցիալական բնույթի բողոքներ են։ Դրանց զուգահեռ՝ երեկ մի խումբ ցուցարարներ փակել են Արշակունյաց պողոտան՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների դատին զուգահեռ, իսկ քաղաքապետարանի դիմաց էլ մի խումբ քաղաքացիներ պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Բոլորը բողոքում են և բոլորը պահանջում են իրենց խնդիրների անհապաղ լուծում։ Պահանջն էլ հիմնականում ուղղված է ընդամենը մեկ շաբաթական կառավարությանը։
Ցավոք, պիտի նշենք, որ դատելով իրադարձություններից ու տրամադրություններից՝ այս պրոցեսը թափ է առնելու։ Սոցիալական ցանցերում ու մամուլում երեկ արդեն ակտիվ քննարկվում էր կուտակային կենսաթոշակային համակարգի թեման, որի պարտադիր բաղադրիչը հուլիսի
1-ից պետք է մտնի ուժի մեջ։ Մարդիկ արդեն «էս գլխից» պահանջում են, որ պարտադիրը պիտի մերժվի՝ առավելևս, որ Սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնի «Դեմ եմ»-ական էր։ Ռեֆորմը կարևոր է. դրա կասեցումը կամ հետաձգումը ցանկալի չէ, սակայն ուժի մեջ թողնելն էլ թեժացնելու է կրքերը։ Կառավարությունը բարդ խնդրի առաջ է կանգնած։
Չեն բացառվում դժգոհությունները նաև ՓՄՁ-ի կողմից։ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԴՄ տրամադրելու կոչին հետևողները պահանջելու են արագ փոփոխել Հարկային օրենսգիրքը և ավելացնել շրջհարկով աշխատելու շեմը, որպեսզի չընկնեն ԱԱՀ-ի ռեժիմի տակ։ Նման փոփոխությունն արագ հնարավոր չէ անել, որովհետև խնդիրները հապճեպ ու կիսատ-պռատ լուծելը հետագայում հանգեցնելու է ավելի լուրջ խնդիրների։
Դժգոհություններ են ի հայտ գալու նաև վարկառուների կողմից։ Ընդամենը մեկ օրինակ նշենք. մայիսի 8-ին ԱԺ-ում իր ելույթում վարչապետի թեկնածուի կարգավիճակում ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է ինտենսիվ բանակցություններ սկսել ֆիզիկական անձանց ունեցած՝ հատկապես գյուղացիական վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներում իրականացնելու համար՝ պետական բյուջեի, բանկերի համար ընդունելի վնասի շրջանակներում:
Անգամ բավականին զգուշավոր ասված այս գաղափարը հեշտ չէ իրագործել, որովհետև կան դրան խոչընդոտող օրենքներ և օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն։ Սակայն ֆեյսբուքյան որոշ էջեր ու առանձին օգտատերեր, ինչպես նաև՝ դիտումների քանակի ետևից ընկած անհասկանալի որոշ կայքեր, դրանից անմիջապես հետո սկսեցին շրջանառել այն «լուրը», որ նոր կառավարությունը պատրաստվում է սառեցնել բոլոր տեսակի վարկերի տոկոսները, և, որ քաղաքացիները կվճարեն միայն մայր գումարները։
Հասկանալի է, որ սա կատարյալ անհեթեթություն է, և անգամ իմաստ չունի բացատրել, թե ինչու է անհեթեթություն։ Սակայն այս տիպի լուրերն ու կոչերն ակտիվ տարածվել են ու ձևավորել սպասումներ, որ պետությունը «ջրելու է» վարկերի տոկոսները։ Հուսանք, որ այս «լուրերին» հավատացողների ու հիասթափվողների թիվը մեծ չի լինի։
Կարճ ժամանակ անց սկսելու են բողոքել նաև թոշակառուներն ու պետական հիմնարկների աշխատակիցները՝ պահանջելով թոշակների և աշխատավարձերի բարձրացում։ Որովհետև շատերը մտածում են, որ օլիգարխներին հարկային դաշտ բերելով՝ բյուջե միանգամից լիքը փող է մտնելու։ Շատերին թվում է, թե Հայաստանից դուրս հոսած միլիարդները կարելի է վերադարձնել Հայաստան, ու այն էլ՝ կարճ ժամանակում։ Ու այդ փողերով հնարավոր է լինելու կրկնապատկել թոշակներն ու աշխատավարձերը։
Սա հոռետեսություն չէ, սրանք ռեալ ռիսկեր են, որոնք արդե՛ն իսկ սկսել են ուրվագծվել։ Ու որքան շուտ այս ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ քայլեր կատարվեն, այնքան լավ։
Ո՞րն է այս իրավիճակից ելքը։ Դեռ մի քանի օր առաջ նշել էինք՝ պետք է մարդկանց հետ խոսել։ Պետք է խոսել անկեղծ և իրենց հասկանալի լեզվով՝ նկատի ունենալով, որ հասարակության մի զգալի մասը բավարար կրթված չէ տնտեսության հնարավորությունները հասկանալու համար։
Այս փուլում պետք է խոսել ոչ թե դարակազմիկ ծրագրերից ու լուրջ բարեփոխումներից, այլ հակառակը՝ ռիսկերից ու սահմանափակումներից։ Պետք է մարդկանց հիշեցնել, որ սա ժամանակավոր կառավարություն է, որի գերխնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելն է։ Պետք է բացատրել, որ հեղափոխությունը դեռ կիսատ է. թռիչքաձև աճի, ներդրումային բումի, աշխատավարձերի աճի ու ներգաղթի մասին հնարավոր կլինի խոսել միայն նորմալ ընտրություններից հետո։
Վարչապետի և նոր կառավարության նկատմամբ վստահությունն այժմ աննախադեպ բարձր է, և պարզ ու անկեղծ զրույցը՝ թե՛ հնարավորությունների, թե՛ դժվարությունների ու սահմանափակումների մասին, արդյունավետ կլինի։
Իհարկե, այս ընթացքում էլ ժամանակավոր կառավարությունը շատ բան կարող է անել և արդեն անում է. կոռուպցիայի դեմ պայքար, ստվերի կրճատում, բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացում, մտածելակերպի փոփոխություն, և այլն։
Եթե կառավարության նկատմամբ վստահության ու աջակցության մակարդակը պատկերացնենք կորի տեսքով, այն այժմ գտնվում է պիկին, սակայն հաջորդ փուլում անխուսափելիորեն նվազելու է։ Որովհետև մարդկանց ամեն օր մի բանով «զարմացնելու» ռեսուրսն անսպառ չէ։
Կարճ ասած, նման չափազանցված սպասումների պարագայում շատ դժվար է վստահության մակարդակը երկար պահել պիկի վրա։ Ժամանակը հօգուտ նոր կառավարության չի աշխատում։ Դրա համար պետք է արտահերթ ընտրությունների գնալ և դրան զուգահեռ՝ աշխատել հասարակության հետ՝ բացատրելով, որ հեղափոխության դրական էֆեկտը սեփական մաշկի վրա զգալու համար ժամանակ է պետք և աշխատանք։ Վերջինը, ի դեպ, բոլորից է պահանջվում։