«Դեռ վաղ է գնահատել Փաշինյանի հայտարարությունները, Մոսկվան տեսել է Սահակաշվիլի և Յուշչենկո». Տարասով

168.am-ի զրուցակիցն է «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

– Պարոն Տարասով, երեկ Սոչիում կայացան Փաշինյան-Պուտին առաջին բանակցությունները, որոնց ընթացքում ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ռուսաստանցի գործընկերոջը վստահեցրեց, որ հայ հասարակությունում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ կոնսենսուս կա, դրանք քննարկման ենթակա չեն: Ընդհանուր առմամբ, ինչպե ՞ս եք գնահատում այս հանդիպումը:

– Բնականաբար, առաջին հերթին հանդիպմանը հնչեցին հարաբերությունների շարունակականության մասին հավաստիացումներ, ինչը բնական էր, բացի մեկ արտահայտությունից, որը պարոն Փաշինյանն ասաց: Նա նշեց, որ կան խոսելու թեմաներ: Պուտինը խոսում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման մասին, որ մենք ոչ միայն համագործակցում ենք տարբեր ոլորտներում, ցուցանիշներ է նշում, այլև աշխատանք կա միջազգային կառույցներում, ՀՀ-ն լուրջ գործընկեր է Ռուսաստանի համար, իսկ Փաշինյանն ասաց, որ կա կոնսենսուս Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում, բայց կան հարցեր, որոնք պետք է լուծել: Նա հասկացրեց, որ առևտրատնտեսական որոշ հարցերում, ռազմատեխնիկական համագործակցության հարցում հայ-ռուսական հարաբերություններում հարցեր է տեսնում: Դրանք խնդիր չեն, բայց հարցեր են, որոնք պետք է լուծել՝ Փաշինյանի տեսանկյունից:

Երկրորդ հանգամանքն այն է, որ Պուտինը համաշխարհային մակարդակի քաղաքական գործիչ է, նա ճանաչում էր Սերժ Սարգսյանին, նա սովոր էր աշխատել Սարգսյանի հետ, Պուտինն ու Սարգսյանն ընկերություն էին անում, համատեղ ներքին ու արտաքին քաղաքական ակցիաներ էին իրականացնում, իսկ հիմա Պուտինի առջև նստել է փողոցի հերոսը, Պուտինը պետք է ուսումնասիրի և ուսումնասիրում էր, լսում էր` Փաշինյանն ինչն ինչպես է ասում, ինչու է ասում, քանի որ մենք ունենք բացասական փորձ նման:

Հեղափոխությամբ իր հաղթանակից հետո Սահակաշվիլին ևս վստահեցնում էր, որ Մոսկվան ռազմավարական գործընկեր է, և այլն, և այլն, Յուշչենկոն` ևս, սակայն նրանք երկար չսպասեցին` ուղևորվեցին Արևմուտք:

Բնականաբար, մենք հասկանում ենք, որ Հայաստանը գտնվում է առանձնահատուկ աշխարհաքաղաքական իրավիճակում, չենք ակնկալում բեկումնային փոփոխություններ, չենք սպասում, որ Փաշինյանը Սահակաշվիլիի և Յուշչենկոյի նման «կուլբիտ» կիրականացնի, բայց միևնույն ժամանակ՝ նրան հետևում են, նա իր աշխատակազմն է ձևավորում, կառավարությունում նոր դեմքեր են հայտնվում, ՀՀԿ-ն չի մասնակցում, ինչպիսի ներքին և արտաքին քաղաքականություն է վարելու Փաշինյանը, ինչպիսին է այն լինելու:

Այս հարցերն ուշադրության կենտրոնում են Մոսկվայի համար: Հասկանում ենք նաև, որ առաջին պլանում են լինելու Հայաստանի ներսի վերափոխումները, փոխվում է համակարգը, էլիտան, տնտեսական բարեփոխումներ, սա ենք մենք դեռ զգում:

Արտաքին քաղաքականության մեջ, կարծում եմ, այս մոտեցումն առաջնահերթություն չի լինի, թեև Փաշինյանը հայտարարեց հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին՝ առանց նախապայմանների, հետաքրքիր հայտ ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նոր դեմքի առկայությունը հայկական քաղաքական օլիմպոսում միանշանակորեն կարող է փոխել Անդրկովկասի պանորաման ընդհանուր առմամբ և ուժերի հավասարակշռությունը:

Երրորդ հանգամանքն այն է, որ, եթե Փաշինյանը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին չմիջամտելու համար, ապա պետք է նույնն աներ նաև Ադրբեջանի հանդեպ, քանի որ Ադրբեջանը չօգտվեց ՀՀ ներքաղաքական իրավիճակից, չսրեց իրավիճակը շփման գծում:

Եթե նման բան տեղի ունենար, ապա իրադարձությունները բոլորովին այլ սցենարով կզարգանային:

Ունիկալ իրավիճակ էր, սա հայկական ֆենոմենն էր, ինչպես նախագահ Արմեն Սարգսյանն ասաց օրերս, որ նման բան կարող են անել միայն հայերը: Փառք Աստծո, որ ամեն բան առանց արտառոց դեպքերի ընթացավ, առանց արյունահեղության, իսկ ներկայումս առաջնահերթությունը պետության վերակառուցումն է, լուրջ խնդիրներ կան: Նման իրավիճակներում իշխանության համար դժվար է ստեղծված իրավիճակից դուրս գալ, առավել ևս՝ ժողովրդին այդ իրավիճակից դուրս բերել: Պարոն Փաշինյանը լուրջ անելիք ունի, որում Ռուսաստանը միայն հաջողություններ է մաղթում:

– Ըստ Ձեզ` ՌԴ իշխանությունների կողմից ինչպե՞ս կընկալվի Փաշինյանի ցանկությունը՝ խնդիրներ բարձրացնել և լուծել հայ-ռուսական հարաբերություններում: Նա իր մի շարք հարցազրույցներում խնդիր է համարել ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության արդյունավետության բարձրացումը, ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ՌԴ տարածքում, ռուսական սպառազինության վաճառքն Ադրբեջանին: Այս հարցերի բարձրացումը ինչպե՞ս կընկալվի ՌԴ ղեկավարության կողմից:

– Կարծում եմ` նորմալ է ընդունվելու, աշխատանքային մթնոլորտում են բոլոր հարցերը քննարկվելու: Բնականաբար, Սոչիում, վստահ եմ, որ ևս եղել են աշխատանքային իրավիճակներ, քանի որ հանդիպումն ունեցավ փակ և բաց հատված: Համոզված եմ, որ փակ բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, հայ-ռուսական հարաբերությունները: Դեռևս լուրջ հարցեր, կարծում եմ, չեն քննարկվել: Նա դեռ նոր վարչապետ է, նա շատ խոսել է, պետք է տեսնել, թե ինչպես է իրեն դրսևորում գործի մեջ, ինչպիսի որոշումներ է կայացնում պրակտիկ դաշտում: Ռուսաստանը պետք է իր համար հասկանա, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ Հայաստանի օգտին է, և պետք է հասկանալ նաև, թե ինչու Ռուսաստանը նման դիրքորոշում ստանձնեց:

– Իսկ ինչպիսի՞ դիրքորոշում կարող էր գրավել Ռուսաստանը:

– Բնականաբար, ռուսները չեն միջամտում ներքին գործերին, և հայերն իրենք են որոշում իրենց ճակատագիրը, բայց ռուսները միշտ հայերի կողքին են եղել, աջակցել են, ցանկացել են, որպեսզի զարգացումները լինեն ի օգուտ Հայաստանի, պետք է տեսնենք նոր Կառավարության գործունեությունը, պետք է գնահատենք:

Սերժ Սարգսյանին Մոսկվան ադապտացված էր, անակնկալներ չկային, բոլոր մակարդակներում կապերը հաստատված էին, հիմա նոր դեմքեր են հայտնվել, նոր կոնտակտներ են ստեղծվում, ժամանակ է անհրաժեշտ, այս դեպքերում դրական կամ բացասական եզրակացություններ անելն անհեռանկարային գործ է: Իրավիճակը զարգանում է, և մենք կտեսնենք, թե ինչպես է ամեն բան լինելու հետագայում:

– Փաշինյանը չկարողացա՞վ Պուտինին վստահեցնել, որ անակնկալներ Փաշինյանից չեն լինելու:

– Մեծ քաղաքականության մեջ այդպես չի լինում: Մենք տեսել ենք Սահակաշվիլի, Յուշչենկո, մենք փորձ ունենք, երրորդ անգամ չէինք ցանկանա «տաք ածուխի վրա նստել»: Մենք հետևելու ենք, քաղաքականության մեջ ամենակարևորը հայտարարությունները չեն, այլ քայլերը ու քաղաքականությունը: Մենք լսում ենք հայտարարություններ, դրանք կիրթ են, տրամաբանված, գիտակցված, դրանք մեզ դուր են գալիս, բայց պետք է տեսնենք գործերը, որոնք քաղաքականություն են ձևավորում: Ռուսաստանն ուշադիր հետևելու է:

– Պարոն Տարասով, նշեցիք, որ Անդրկովկասում գուցե ուժերի դասավորություն փոխվի: Ի՞նչ նկատի ունեք:

– Նիկոլ Փաշինյանը բավականին հետաքրքիր հայտարարություններ է արել հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու և ԼՂ հակամարտության հարցում Արցախին բանակցային սեղան նստեցնելու վերաբերյալ: Առաջին հայտարարությանը Թուրքիայի իշխանությունը սկզբից բացասական արձագանք տվեց, ապա վարչապետի մակարդակով ասաց, որ կարող են դիտարկել հարաբերությունների կարգավորում, եթե ԼՂ հակամարտությունն ադրբեջանամետ լուծում ունենա:

Այն համոզմանն եմ, որ գուցե Թուրքիայի դիրքորոշումը փոխվի Հայաստանի նկատմամբ, քանի որ Հայաստանը Թուրքիայի միակ եվրոպական ուղղությունը կարող է լինել ներկայումս, միակ քրիստոնյա երկիրը, որի հետ հարաբերությունների կարգավորմամբ ուղերձ կարող է հղել ողջ աշխարհին: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա ԼՂ-ն, որը դուրս էր մնացել բանակցություններից Քոչարյանի օրոք, պետք է վերադառնա բանակցային սեղան, մենք աջակցում ենք այդ գաղափարին և հեռանկարային համարում: Կարծում եմ` այստեղ կա լուրջ հեռանկար կարգավորման համար: Տեսնենք` ինչպես կզարգանան իրադարձությունները:

Տեսանյութեր

Լրահոս