«Սրանով մենք, այո, նաև ցույց ենք տալիս, որ ժամանակին ճիշտ նշանակում էինք արել». Արծվիկ Մինասյանի նշանակումը պատասխա՞ն էր Կարեն Կարապետյանին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը ՀՅԴ ԳՄ անդամ Աշոտ Եղիազարյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է` հետագայում ՀՅԴ-ն կոալիցիա կազմի «Ելքի» հետ: Ի պատասխան՝ Ա. Եղիազարյանը նախ ասաց, որ հիմա ժամանակավոր կառավարություն է, որտեղ ԱԺ քաղաքական բոլոր կուսակցություններն առկա են:
«ՀՅԴ-ն հայտարարել է, որ առաջնահերթ նպատակ չի դրել կառավարությունում լինել: Բայց երբ ստացանք քաղաքական հրավեր, մեր կողմից ճիշտ քայլ չէր լինի, որ չաջակցեինք: Մենք քաղաքական առևտրի մեջ չենք մտել ներկա շարժման առաջնորդների հետ, այսինքն՝ փոխհամաձայնեցված տարբերակով, ինչքանով նրանք մեր մասնակցության կարիքը զգում են, այդքանով պատրաստակամ ենք աջակցել: Ինչ վերաբերում է ապագայում «Ելքի» հետ կոալիցիա կազմելուն, ապա դեռ շուտ է ինչ-որ բան ասել: Սակայն, եթե նկատել եք, Դաշնակցությունը միշտ գնացել է ինքնուրույն: Իհարկե, սա դոգմա չէ՝ տարբեր քաղաքական իրավիճակներում այլ մոտեցումներ են եղել, սակայն մենք միշտ ընտրություններին գնացել ենք մեր օրակարգով»:
Հարցին՝ նախարարների այլ թեկնածուներ չունե՞ք, որ անընդհատ նույն մարդկանց եք նշանակում՝ Ա. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Իսկ ինչո՞վ են վատ մեր թեկնածուները: Մենք շատ կադրեր ունենք, բայց մենք ունենք մոտեցումներ, սկզբունքներ ու նաև դրանից ելնելով ենք կադրերին նշանակում: Կոնկրետ Արթուր Խաչատրյանն արդարացված մարզպետ էր, Արծվիկ Մինասյանն իր մասնագիտությանը համահունչ ներկա քաղաքական պաշտոն էր զբաղեցնում, և ինքը նաև լավ մենեջեր ու կազմակերպիչ է: Ելնելով այս մոտեցումներից՝ մենք խնդիրներն արդյունավետ լուծելուն միտված ենք նայում, ու դրանով են պայմանավորված մեր կադրային նշանակումները»:
Լրագրողի ճշտող հարցին՝ կարելի՞ է ասել՝ Արծվիկ Մինասյանի՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն գնալը պատասխան էր Կարեն Կարապետյանին, քանի որ նա Ա. Մինասյանին տնտեսական բլոկից հեռացրեց, Ա. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Ճիշտն ասած, մենք նման մոտեցումներով չենք առաջնորդվում, բայց սրանով մենք, այո՛, նաև ցույց ենք տալիս, որ ժամանակին ճիշտ նշանակում էինք արել, այդ գործընթացն ինչ-ինչ պատճառներով փոխվեց, և վստահ ենք՝ ներկա դրությամբ Ա. Մինասյանը շատ ավելի ազատ դրսևորվելու և այդ ոլորտը բարձրացնելու հնարավորություն ունի»:
Հարցին՝ առաջ չունե՞ր, Ա. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Որոշակի վերապահումներ երևի կային»: