Գեղարքունիքում ֆերմեր անասնապահները դժգոհում են կաթի մթերման գների անկումից
Գեղարքունիքի մարզի մի շարք անասնապահական ֆերմերային տնտեսություններ իրենց դժգոհությունն են արտահայտում կաթի մթերման գների նկատելի անկումից եւ այն իրողությունից, որ մթերման գնի անկման պայմաններում մթերային խանութներում դեռեւս պահպանվում են կաթնամթերքների բարձր գները:
Ինչպես «Արմենպրես»-ին մարզի ֆերմերային տնտեսությունների անունից տեղեկացրեց Վարդենիս քաղաքում գործող «Վարդանանք» գյուղատնտեսական կոոպերատիվի տնօրեն Լյուդվիգ Շաբոյանը, եթե մայիսի սկզբին մթերող կազմակերպությունները կաթը մթերում էին 1 լիտրի դիմաց 180 դրամով, ապա վերջին տասն օրերին մթերման գինը իջել է մինչեւ 140 դրամի:
«Մենք հասկանում ենք, որ այստեղ թելադրողը շուկան է, առաջարկն ու պահանջարկը, բազմաթիվ այլ նրբություններ, ինչի համար կարող ենք օրինաչափ համարել թեկուզ ամբողջ 40 դրամով գնանկումը: Բայց մեզ համար ոչ օրինաչափ, անընդունելի է այն հանգամանքը, որ մթերային խանութներում այդպես էլ չի իջնում ոչ մի տեսակի կաթնամթերքի գինը: Եթե դրանց գներն էլ իջնեին, կընդունեինք, որ արտադրող-մթերող-իրացնող փոխհարաբերությունների շղթայում ամեն ինչ օրինաչափ է:
Այլապես հիմա ստացվում է, որ միայն արտադրողը պետք է կրի գնանկման ծանրությունը»,-նշեց Լյուդվիգ Շաբոյանը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ «Մարիաննա» ընկերության կաթի մթերման բաժնի աշխատակից Գրիշա Հովհաննիսյանը նշեց, որ կաթի գների անկման հիմնական պատճառը, կապված ծնի շրջանի ավարտի հետ, կաթի արտադրության ծավալների ավելացումն է եւ շուկայի կողմից թելադրվող գինը: «Մենք կաթը գործարանում այժմ մթերում ենք 160 դրամով:
Տեղում մթերման գինը հիմա հասնում է 140 դրամի: Մնացած 20 դրամը ծախսվում է էլեկտրաէներգիայի, տեղափոխման, այլ աշխատանքների համար: Նման ծավալների կաթ վերամշակելու եւ պահպանելու համար մենք պետք է աշխատեցնենք նաեւ կաթի փոշու արտադրամասը՝ կաթի փոշի արտադրելու համար, որի իրացման գինը համեմատաբար ցածր է լինելու, քան մյուս կաթնամթերքների արտադրության դեպքում է:Բացի տեղական շուկան, գոյություն ունի միջազգային շուկայական գին, որի շրջանակներից մենք չենք կարող շեղվել: Մենք նաեւ հարկադրված ենք այդքան մեծ ծավալների կաթ մթերում, որպեսզի գյուղացին իր արտադրանքը իրացնելու եւ վերարտադրելու հնարավորություն ունենա:
Մենք նաեւ մթերվող կաթի դիմաց ժամանակին վճարում ենք մեր շահառուներին՝ իրականացնելով ամենօրյա վճարումներ: եթե այդպես չլինի, եթե արտադրողը համաձայն լինի ուշացումներին, կարող ենք նաեւ ավելի բարձր գներով մթերել: Բայց կարծում եմ, որ ներկա գինը ձեռնտու է թե մեր, թե արտադրողների համար, ովքեր հաստատ չեն կարող այս պահին կաթի պահպանման կամ վերամշակման այլ խնդիր լուծել, քան մեզ հետ աշխատելն է: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու խանութներում կաթնամթերքի գները զուգահեռ չեն իջնում, ապա այդ հարցի պատասխանը իմ իրավասությունից դուրս է»,-ներկայացրեց մթերման բաժնի աշխատակիցը: Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքում կաթի մթերմամբ ու վերամշակմամբ զբաղվող անհատ ձեռներեցը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, կաթի մթերման գների անկումը հիմնականում պայմանավորեց դրսից Հայաստան մեծ քանակի կաթի փոշու ներկրումով:
«Ճիշտ է, որ մեզանում ամռան սեզոնում վերամշակող ձեռնարկությունները նման մեծ ծավալների կաթ չեն հասցնի վերամշակել եւ պահպանել,եթե դրա մի մասը չուղղեն կաթի փոշու ստացմանը: Բայց կաթի գների անկման հիմնական պատճառն այն է, որ մեր Հանրապետություն է ներկրվում մեծ քանակության կաթի փոշի, ինչն էլ ազդում է գնագոյացման վրա: Անժխտելի է, որ այս պահին արտադրողը կրկնակի, եռակի անգամ պակաս է իրացնում իր արտադրանքը, քան՝ վերավաճառողը, ինչը, հաստատապես, ոչ միայն արդար չէ, այլ նաեւ հիասթափություն է առաջացնում գյուղացու մոտ՝ էապես ազդելով արտադրողականության բարձրացման վրա»,-ներկայացրեց անհատ ձեռներեցը: Գավառ քաղաքի մի շարք մթերային խանութներում, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, տեղեկացրին, որ վերջին 10 օրերի ընթացքում իրենց մոտ ստացված պաղպաղակի, թթվասերի, այլ կաթնամթերքների գները ոչ մի դրամով չեն նվազել:
Խոսրով Խլղաթյան