
Թրամփը հույս ունի նոր ու «ավելի լավ» գործարք կնքել Իրանի հետ

Միացյալ Նահանգները հույս ունի Իրանի հետ նոր գործարք կնքել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը որոշում ընդունեց դադարեցնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարումը: Մայիսի 10-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ինդիանայի նահանգում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ:
«Ես հուսով եմ, որ կհաջողվի գործարք կնքել նրանց հետ, նոր գործարք, լավ գործարք, ազնիվ գործարք, որն ավելի լավը կլինի նրանց (Իրանի) համար: Բայց մենք չենք կարող նրանց թույլ տալ միջուկային զենքի տիրանալ»,- ասել է նա:
«Մենք պետք է ի վիճակի լինենք մտնելու (Իրանի միջուկային) օբյեկտ եւ ստուգելու այդ օբյեկտը: Մենք պետք է ի վիճակի լինենք մտնելու նրանց ռազմակայանները՝ տեսնելու խաբեությամբ են զբաղվում, թե ոչ»,- հավելել է նա՝ ճշտելով, թե ինքը հատկապես ինչ է ցանկանում տեսնել նոր համաձայնագրի դրույթներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: