Դեղերի տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևերի բազան էականորեն հեշտացնում է բուժհիմնարկների աշխատանքը գնման գործընթացում

ՀՀ առողջապահության նախարարությունը ստեղծել է դեղերի և բժշկական նշանակության ապրանքների տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևերի բազա: Նախարարության կայքում հասանելի այդ բազան մեծապես հեշտացնում է հիվանդանոցների և պոլիկլինիկաների աշխատանքը գնման գործընթացում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին փաստեցին բժշկական հաստատությունների ներկայացուցիչները:

«Մենք օգտվում ենք նախարարության կողմից կազմված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևերի բազայից: Այն մեծապես հեշտացնում է մեր գործը: Նախկինում դեղորայքի տեխնիկական բնութագրերը վերցրել ենք ՀՀ դեղերի պետական գրանցամատյան ռեեստրից, սակայն բժշկական նշանակության պարագաների տեխնիկական բնութագրերը չկային: Նախկինում դրանց բնութագրերը կազմել ենք մասնագետներով: Հիմա, երբ կա օրինակելի ձև, համոզվում ենք, որ ամեն ինչ ճիշտ է»,-ասաց Երևանի թիվ 4 պոլիկլինիկայի հաշվապահ, համակարգող Լիաննա Տեր-Վարդանյանն ու հավելեց, որ այն անհամեմատ ավելի հեշտ է դարձնում գնումների գործընթացը:

Աբովյանի ԲԿ-ի գնումների համակարգող Անահիտ Արսենյանի խոսքով՝ եթե իրենք հստակ ունենում են ապրանքի գեներիկ անունը, կարողանում են այն ճիշտ միլիգրամներով գրել: «Նախկինում այդպես չի եղել՝ գրել ենք այն, ինչ մասնագետների փորձն է ցույց տվել: Հիմա գրանցված ցանկացած դեղի վերաբերյալ անհրաժեշտ ինֆորմացիան մենք կարողանում ենք վերցնել այդ բազայից: Մենք մասնագետների գրած հստակ տեխնիկական բնութագրերը վերցնում ենք, տեղադրում մեր տենդերի փաթեթների մեջ»,- ասաց նա ու հավելեց , որ նախարարությունից իրենց մշտապես փորձում են օգնել նաև հեռախոսազանգերով:

Նրա խոսքով՝ ինքն առաջարկել էր նաև, որ բազայում թարմացումներ անեն, ներկայացվեն դեղերի գեներիկ և առևտրային անունները: Առաջարկել էր նաև, որ բժշկական նշանակության ապրանքների համար ևս լինեին տեխնիկական բնութագրեր, որպեսզի այլ տեղերից չհայթայթեին: «Եթե այդ բազայում կարողանային դեղերի մոտավոր գինն էլ ներկայացնել, դա կրկին շատ կօգներ մեր աշխատանքին»,- նշեց նա:

Արսենյանի հավաստմամբ՝ վերջին մեկ ու կես տարում թե Առողջապահության, թե Ֆինանսների նախարարությունների կողմից տեխնիկական բնութագրերի համար վերահսկողություն կա: «Եթե մեկը սխալ է գրվում, միանգամից արձագանքում են»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս