Ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունը միլիոնների խախտման փաստեր է բացահայտել
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը հրապարակել է ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը։
Առաջին անգամ այն ներկայացված է ՀՀ կառավարության մայիսի 10-ի նիստի օրակարգում և պետք է արժանանա գործադիրի հավանությանը։
Ըստ այդմ՝ 2017 թ. ընթացքում ավարտված ստուգումներով արձանագրվել են 4,978,3 մլն դրամի խախտման փաստեր, որից 3,021,7 մլն դրամը ենթակա է վերականգնման/վերաձևակերպման, նույն թվում՝ 2,116,6 մլն դրամը ենթակա է մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 718,8 մլն դրամի չափով ենթակա է պակասեցման պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորումը, 38,1 մլն դրամը ենթակա է մուտքագրման համայնքային բյուջեներ, 8,4 մլն դրամը ենթակա է վերականգնման կազմակերպությունների հաշվին, իսկ 139,7 մլն դրամը ենթակա է հաշվառմամբ վերաձևակերպման:
Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդամենը 1,109,0 մլն դրամ (այդ թվում՝ 774,8 մլն դրամը` 2017 թ. կատարված ստուգումներով արձանագրված գումարներից, իսկ 334,2 մլն դրամը` նախորդ տարիներին իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից), որից 739,2 մլն դրամը վերականգնվել է պետական բյուջե, 2,5 մլն դրամը` համայնքային բյուջեներ, 77,5 մլն դրամի չափով պակասեցվել է բյուջետային ֆինանսավորումը, 289,5 մլն դրամը հաշվառումով վերաձևակերպվել է, իսկ 0.3 մլն դրամը մուտքագրվել է կազմակերպության հաշվին:
2017 թվականի վերահսկողության արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության ընթացքում Տեսչության կողմից բացահայտված ռիսկերը վերահսկողության ներքո գտնվող մարմինների կողմից թերի կամ անարդյունավետ կառավարման և թույլ հսկողության հետևանքով առաջացած խախտումների ու բացթողումների արդյունք են:
Յուրաքանչյուր ստուգման ավարտից հետո, արձանագրված խախտումների և թերությունների վերացման ու ռիսկերի հետագա զսպման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից համապատասխան առաջարկություններով գրություններ են հասցեագրվել ստուգված կազմակերպություններ և/կամ պատկան վերադաս մարմիններ և հսկողություն է իրականացվել վերջիններիս կողմից ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ:
Պատասխանատու մարմինների կողմից խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ պարբերաբար ստացվող տեղեկատվության համաձայն` համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են հանձնարարականներ, առանձին դեպքերում խախտում թույլ տված անձինք ենթարկվել են պատասխանատվության, արձանագրված գումարների մի մասը վերականգնվել է, իսկ գումարների վերականգնման հարցում ծագած դժվարությունների դեպքում կազմվել են վճարումների ժամանակացույցեր:
Հաշվետու տարվա ընթացքում դեռևս չվերականգնված գումարների վերականգնման ուղղությամբ պատկան մարմինների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: