
Դավիթ Հարությունյանը չի վերանշանակվել. պարզաբանում է ՀՀ նախագահի օգնականը

Քիչ առաջ pastinfo.am-ը տեղեկություն էր տարածել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը: Րոպեներ անց կայքը հեռացրեց այդ լուրը:
168.am-ը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը:
Ի պատասխան նա ասաց, որ նախագահի պաշտոնական կայքն այս պահին գտնվում է անվտանգության հետ կապված տեխնիկական աշխատանքների փուլում, ուստի տեղի է ունեցել թյուրիմացություն:
Պետրոսյանը նշեց, որ նախագահի՝ վկայակոչվող հրամանագիրը թվագրված է ապրիլի 20-ով և ամենայն հավանականությամբ մի շարք լրատվամիջոցների ուղարկվել է տեխնիկական խափանման արդյունքում: «Այս պահին նախագահի գրասենյակի համապատասխան մասնագետները փորձում են հասկանալ կայքի առաքման համակարգի տեխնիկական խնդրի պատճառները»,-նշեց Պետրոսյանը: