Ջոն Քերին հանդես է եկել Իրանի հետ կնքված համաձայնագիրը պահպանելու օգտին
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին համոզված է, որ անհրաժեշտ է պահպանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ կնքված համաձայնագիրը եւ կոչ է անում Սպիտակ տան ներկայիս ղեկավարին՝ լավ մտածել, նախքան 2015 թվականին ստորագրված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից հրաժարվելու որոշում ընդունելը:
Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Քերին հայտարարել է մայիսի 8-ին Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում: «Այդ համաձայնագիրը գործում է, եւ դրանց դուրս գալը չի օգնի պակասեցնել տարաձայնությունները, այլ միայն կբերի այն բանին, որ իրանական կողմը նույնպես հնարավորություն կստանալ չկատարել դրա պայմանները:
Բացի այդ, մենք չենք իմանա՝ ինչ է անում Թեհրանը, քանի որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո միջազգային դիտորդները պարտավոր կլինեն լքել երկիրը»,-ասել է Քերին: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:
Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:
Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար: Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել: