Պետական բյուջեի ծախսերի հաշվարկների որակը կբարելավվի
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Պետական հատվածի արդիականացման» երրորդ ծրագրի և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարություների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում կնքված դրամաշորհային ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է իրականացնել պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) մշակման և ներդրման աշխատանքներ:
ԿՖԿՏՀ-ը ենթադրում է մեկ միասնական տեղեկատվական հարթակում պետական ֆինանսների կառավարման բոլոր գործընթացների ավտոմատացում:
Մայիսի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Վարդան Արամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ծախսակազմման ավտոմատացված համակարգի ներդրման վերաբերյալ քննարկում, որի ընթացքում ներկայացվել են համակարգի ձեռքբերման նպատակով 2017 թվականին հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրի շրջանակում մատակարար կազմակերպության կատարած աշխատանքները:
Ըստ այդմ՝ մատակարարի կողմից գնահատվել են բյուջետային ծախսերի ծրագրերի կազմման գործընթացները, հստակեցվել է ավտոմատացված համակարգի տրամաբանական կառուցվածքն ու ճարտարապետությունը, և արդյունքում մշակվել է WEB‑ի վրա հիմնված ունիվերսալ համակարգչային ծրագիր, որը յուրաքանչյուր ծախսող միավորի (առաջնային օղակից մինչև ֆինանսների նախարարություն) համար, առանց ծրագրավորողների ներգրավման կամ ծրագրում փոփոխություններ կատարելու, հնարավորություն է տալիս.
ձևավորել ձևաչափ և դրանով համակարգ ներածել պետական բյուջեի յուրաքանչյուր ծախսատեսակի չափը հաշվելու համար անհրաժեշտ տվյալները,
ձևավորել ձևաչափ և դրանով համակարգ ներածել կանոնները (օրենսդրությունից բխող), որոնց միջոցով պետք է հաշվարկվեն անհրաժեշտ գումարների մեծությունները,
սահմանել «գլոբալ փոփոխականներ», որոնք միասնական կերպով կարող են օգտագործվել բոլոր ծրագրերի համար (օրինակ՝ նվազագույն աշխատավարձ, էլեկտրաէներգիայի սակագին և այլն),
կազմակերպել օգտատերերի հաշվառում՝ յուրաքանչյուրի հստակ իրավասության սահմանմամբ (տվյալներ մուտքագրելու, հաստատելու և այլն),
ապահովել օգտատերերի կողմից համակարգում կատարված գործողությունների հաշվառումը,
արդյունքում ձևավորել գործող կարգավորումների և վարվող քաղաքականության շրջանակում պետական բյուջեի ծախսերի հաշվարկային կարիքը:
ԿՖԿՏՀ-ի մշակումն ու ներդրումը երկարաժամկետ խնդիր է, որի իրականացումը, տարբեր գնահատականների համաձայն, կարող է տևել 3-7 տարի:
Պետական բյուջեների ծախսերի կազմման գործընթացը պետական ֆինանսների կառավարման համակարգի առանցքային բաղադրիչներից է: Վերջինիս օպտիմալացման նպատակով ֆինանսների նախարարությունը դեռևս 2017 թվականին նախաձեռնել է պետական ծախսերը կազմելու՝ բյուջեները ձևավորելու գործընթացի ավտոմատացված համակարգ մշակելու և վերջինս պետական կառավարման համակարգում գործող այլ ավտոմատացված համակարգերի հետ ինտեգրելու՝ տեղեկատվության փոխանակման հնարավորություն ստեղծելու աշխատանքները: