«Կարող է պատերազմ սկսվել». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է, որ Իրանի հետ առաջատար համաշխարհային տերությունների կողմից 2015 թվականին կնքված պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը, կարող է հանգեցնել պատերազմի, տեղեկացնում է BBC-ին: «Մենք կարող ենք բացել Պանդորայի արկղը: Կարող է պատերազմ սկսվել»,- հայտարարել է Մակրոնը Spiegel գերմանական հանդեսին տված հարցազրույցում:
«Ես չեմ կարծում, որ Դոնալդ Թրամփը պատերազմ է ցանկանում»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը: Ապրիլին, երբ Թրամփը եւ Մակրոնը հանդիպել են Վաշինգտոնում, Ֆրանսիայի նախագահը համոզում էր նրան չհրաժարվել այդ պայմանագրից: Նույն դիրքորոշումն ունեն նաեւ Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ ՄԱԿ-ը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կտրականապես չի ընդունում գործարքի վերանայումը եւ նմանօրինակ նախաձեռնություններն անօրինական է համարում: Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կզղջա միջուկային գործարքի վերանայման համար, եւ որ նման վերանայումը պատմական մասշտաբի սխալ կդառնա: «Եթե Ամերիկան դուրս գա միջուկային գործարքից, նա կզղջա դրա համար՝ որպես պատմական սխալի»,- մայիսի 6-ին հայտարարել է Ռոուհանին իրանական պետական հեռուստատեսության եթերում: Նա հավելել է, որ Իրանը գործողությունների պլան ունի ի դեպս Թրամփի ցանկացած որոշման, եւ խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար:
Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել: