Բաժիններ՝

103 տարի անց անգամ «Հայկական լճից» դեռևս մարդու ոսկորներ են դուրս գալիս

Սպանված կանայք, երեխաներն ու տարեցները լճերի մեջ թաղվեցին։ Հայկական կոտորածների (Հայոց ցեղասպանության-Ակունքի խմբ.) 103-րդ տարելիցի ժամանակ էլ երբեմն մարդու ոսկորներ, երբեմն էլ սպանվածներին պատկանած իրեր են լճից դուրս գալիս։

Ռեմզի Բուդանջիր

Այսօր մեկ միլիոնից ավել հայերի սպանության, միլիոնավոր մարդկանց տեղահանության, մեծ կոտորածի տարելիցն է։ Հայերին ու հայկական հետքերը ոչնչացնելու նպատակով կատարված կոտորածները երբեմն տեղանվամբ, երբեմն` թաքուն ապրող ողջ մնացածների հիշողություններով, երբեմն էլ սերնդեսերունդ փոխանցվող հուշերով շարունակվում են կենսունակ մնալ։ Եթե անգամ հայկական ինքնությունը աշխարհագրական այդ տարածքից մաքրված էլ լինի, տեղի ունեցածի պատճառած ցավը և ողբերգության հետքերը դեռևս մնացել են։ Դիարբեքիրի, Բինգյոլի, Դերսիմի, Մուշի ու Էլյազըղի (Խարբերդ- Ակունք խմբ) նման վայրերում, որտեղ եղել է հայկական հոծ բնակչություն, հնարավոր է ավելի հաճախ հանդիպել հայկական հետքերի։

Շրջանում մինչ օրս էլ կան վայրեր, որոնք իրենց անուներով հիշեցնում են կոտորածները։ Բինգյոլի կենտրոնին կից Գյոլ Թեփեսի (Չան) գյուղում գտնվող և ժողովրդի մեջ ‘Gvalé Arminu’, այսինքն՝ «Հայկական լիճ» անվամբ հայտնի խառնարանային լիճը դրանցից մեկն է։ Գյուղի հին անունը Չան է եղել, իսկ Գյոլ Թեփեսի անունը ստացել է հետագայում։ Գյուղի վերևի մասում գտնվող լիճն իր անունը այդտեղ տեղի ունեցած մեծ կոտորածից է ստացել։ Այդ ժամանակ հազարից ավել մարդ է սպանվել, այդ թվում` կանայք, երեխաներ և տարեցներ, որից հետո լճին տրվել է «Հայկական լիճ» անվանումը։ Լիճը դեռևս այդ անունով է հայտնի։
Ողբերգությունորի հետքերը 103 տարի անց անգամ չեն վերացել

Ուսումնասիրող Օրհան Զուեքփայըջը հայտնի է այս շրջանում իրականացրած իր հետազոտություններով։ «Արթը Գերչեք» պարբերականի թղթակցի հետ զրույցում նա լճի մասին ասում է․ «1915 թ․ դեպքերի ժամանակ լիճը դարձել էր անզեն հայերի հավաքատեղի՝ սպանելու նպատակով»։ Զուեքփայըջը հայտնում է, որ գյուղի հայկական անունը Չան է եղել, ապա` հավելում․ «Այս տարածքում տեղի ունեցած ողբերգության հետքերը 103 տարի է՝ չեն վերանում։ Այս լճում հայեր են կոտորվել»։

Լճից բարձրանում են մարդկանց հառաչանքներ

Չանը մի գյուղ էր, որի բնակչության մեծ մասը մինչև 1915 թ․ հայեր էին։ Գյուղի բնակիչների պատմածների համաձայն՝ Չանը բաղկացած էր երկու թաղամասերից։ Շրջակայքում գտնվող Մադրագի նման, Չանն էլ էր կենտրոնական դիրք գրավում։ Տեղահանության ժամանակ այս գյուղը օգտագործվել է որպես հավաքատեղի։ Օրհան Զուեքփայըջն այդ ժամանկաշրջանում տեղի ունեցած դեպքերը հետևյալ կերպ է ներկայացնում․ «Չևլիքում (Բինգյոլ) և շրջակայքում բնակվող հայ բնակչությանը հավաքում ու տանում էին Չանի շրջան։ Դա հատուկ նպատակ էր հետապնդում, քանի որ այդ վայրագությունը համակարգված էր ու նախապես պլանավորված։ Մյուս ջարդերի ժամանակ էլ նույն մեթոդն էր կիրառվում։ Չէին ցանկանում, որ որևէ հետք կամ ապացույց մնա։ Նրանց կամ խեղդամահ էին անում լճի ջրերում,  կամ էլ սպանում ու լիճն էին նետում։ Բազմության միջից լացի ու հառաչանքի ձայներ էին բարձրանում։ Հազարավոր մարդիկ էին սպանվում այդ լճում»։

Մահվան լճից միայն երկու երեխա է փրկվել

Զուեքփայըջն ասում է, որ լճում կատարված կոտորածից միայն երկու երեխայի է հաջողվել փրկվել, ում թաքցրել էին գյուղացիները։ Ապա ավելացնում է, որ այդ երկու երեխաներին որդեգրել են գյուղացիները․ «Որդեգրված այդ երեխաները մեծանում ու ընտանիք են կազմում։ Հայտնի է, որ նրանք դեռ նույն գյուղում են ապրում ու չեն մոռացել իրենց արմատները»։

Կանանց ու երեխաներին սվինահարում ու սպանում են լճում  

Լճում տեղի ունեցած կոտորածների հետ կապված պատմությունները միայն սրանցով չեն սահմանափակվում։ Գյուղացիներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, պատմում է հետևյալը․ «Շրջակա գյուղերից հավաքված հայերին բերում էին լճի մոտ։ Այնտեղ հավաքվածների մեծ մասը կանայք, երեխաներ ու տարեցներ էին։ Նրանց զենքով սպանում էին։ Նրանց վրա կրակ էին բացում,  ծեծի  ենթարկում ու այնպես անում, որ նետվեն ջուրը։ Կանայք գիտեին, որ իրենց սպանելու են, դրա համար իրենց թևնոցներն ու զարդարանքները նետում էին ջուրը։ Լճից բարձրանում էին հազարավոր երեխաների, տարեցների ու կանանցից հառաչանքները։ Զինվորները մարդկանց վրա կրակ էին բացում ու լճի խորքը սուզում։ Գլուխները ջրից վեր բարձրացրած երեխաներին հրացանի խզակոթով խփում էին ու թաղում ջրերում։ Այդ ջարդերը կատարվել են ժամեր շարունակ։ Լիճը արյունով է ներկվում։ Հազարավոր մարդիկ թաղվում են լճում, որի հատակը ճահճուտ էր»։

Երբ ջրերը հետ են  գնում, մարդկանց ոսկորներ են ի հայտ գալիս

Սակայն գյուղում ջարդերի հետքերը երբեք չեն մաքրվում։ 103 տարի առաջ սպանվածների ցավը դեռ կենդանի է։  Ամեն տարի անթիվ հյուրեր են գալիս լիճը տեսնելու։ Երբ ամռան կեսերին ջուրը հետ է քաշվում, կոտորածի հետքերը բացահայտորեն ի հայտ են գալիս։ Գյուղի բնակիչներից Ֆեյզի Էյուփքոջան ասում է, որ շրջանում տեղի ունեցած դեպքերի մասին իմացել է պապերի պատմածներից։ Նա պատմում է, որ այդտեղ մեծ ջարդ է տեղի ունեցել և ավելացնում․ «Ես իմ սեփական աչքերով եմ տեսել։ Սակայն մինչ այժմ ոսկորների վերաբերյալ որևէ ուսումնասիրություն չի արվել»։

Այն, որ լճից մարդկանց ոսկորներ են ի հյատ գալիս, փաստում են նաև գյուղի մյուս բնակիչները։ Գյուղացիներից Մահմութ Քորքմազը պատմում է, որ օգոստոս ամսին, երբ ջրերը հետ են գնացել, ինքը մարդու գանգ է տեսել։ Ապա տեղեկացնում է, որ դուրս եկած ոսկորներն իրենք թաղում են։

Թե ինչպես է ողբերգության հետ առերեսվում 16 տարեկան երեխան

Լճից դուս են գալիս ոչ միայն մարդկանց ոսկորներ, այլև` նրանց պատկանած իրեր։ Տարիներ առաջ տեղի ունեցած կոտորածը իրեն կրկին զգացնել է տալիս այդ իրերի դուրս գալով։

Դիյար Քըյաթաղը 16 տարեկան աշակերտ է։ Նա ևս, գյուղի մյուս բնակիչների նման, կոտորածի մասին իր մեծերից է իմացել։ Դիյարը այսպես է ներկայացնում 103 տարի առաջ տեղի ունեցած կոտորածի հետ իր առերեսումը․ «Ես դեռ երեխա էի։ Իհարկե պատմողներ կային, սակայն դեռևս որևէ հետքի չէի հանդիպել։ Մի օր մեծ քրոջս հետ եկանք լճի մոտ։ Լճում լողում էի։ Քույրիկս լճի եզրին, ջրերի հետ քաշված ճահճուտից մետաղյա մի իր է գտնում։ Վերցնում, լվանում ու տեսնում է, որ ոսկի է գտել։ Մենք չհասկացանք, թե դա ինչ էր։ Երբ տուն եկանք ու եղելության մասին պատմեցինք մայրիկին, վերջինս սկսեց լաց լինել ու ասաց․ «Դա լճում սպանված հայ կանանց պատկանած ոսկին է»։ Այդ պահից սկսած ամեն ինչ սկսեց ավելի իրական լինել»։

Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս