«Մենք որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու կարիք չունենք». ABBA-ի երաժիշտներ
ABBA խմբի հիմնադիրներից մեկը՝ Բեննի Անդերսոնը, հայտարարել է, որ իր երաժշտական կոլեկտիվը չի փորձում որեւէ բան ապացուցել՝ թողարկելով նոր երգեր:
Անցյալ դարում ժողովրդականություն վայելած անսամբլն անցած շաբաթ ձայնագրել է երկու նոր երգ, որոնք թողարկվելու են մինչեւ տարվա վերջը:
«Ես չեմ կարծում, որ մեզ հարկավոր է ինչ-որ բան ապացուցել: Ինձ չի թվում, որ մեզ հարկավոր է խորհրդածել. «Իսկ ի՞նչ, եթե առաջ ավելի լավ է եղել»,-ասել է նա BBC-ին տված հարցազրույցում:
«Հնարավոր է՝ այդպես էլ կա, բայց մեզ համար միեւնույն է: Մենք դրանով զբաղվում ենք, որովհետեւ կարծում ենք, որ դա հիանալի է: Մեզ շատ դուր եկավ: Տեսնենք: Հուսով եմ՝ ձեզ էլ դուր կգա»,-հավելել է նա: Նա պատմել է, որ երգերը ծնվել են ստուդիայում, երբ ինքը Բյոռն Ուլվեի հետ աշխատում էր համերգային ծրագրի վրա, որում խմբի երգերը բեմից կատարելու են ավատարները:
«Մենք մտածեցինք՝ գուցե փորձենք մի քանի երգ գրել. հարցնենք տիկնանց՝ չէին ցանկանա նրանք գալ ու երգել: Նրանք ասացին՝ այո, իհարկե: Այնպես որ ամեն բան ստացվեց պարզապես ուրախության շնորհիվ»,-ասել է Ուլվեն:



