«Մեր բանակին և իշխանությանը չվստահելու դեպքում, հատկապես Արցախի հարցում, մենք լուրջ կորուստներ կարող ենք ունենալ»
Արցախա-ադրբեջանական հակամարտ գծում տիրող լարվածությունն ու զինտեխնիկայի տեղաշարժը ցույց տվող կադրերի հրապարակումը իշխանությունների կողմից երկրում տիրող իրավիճակից շեղելու փորձեր չեն եղել։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը և հավելեց, որ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործողությունները խոսում են ժողովրդավարության հաստատման, քաղհասարակության ձևավորման մասին։
«Այդ փաստը չի կարող իր ազդեցությունը չունենալ ԼՂ հակամարտության, ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա և ադրբեջանական հասարակությունը չի կարող անտարբեր լինել այդ գործընթացի հանդեպ։ Կարծում եմ, որքան մեր երկրում ժողովրդավարություն ձևավորվի և պետական հաստատությունները հիմնվեն ժողովրդավարական հիմունքների վրա՝ այդքան մեր դիրքերը կամրապնդվեն արցախյան հակամարտության բանակցություններում, և միջազգային հանրության համակրանքը մեր հանդեպ ավելի կբարձրանա։
Ժողովրդավար երկրի կառավարությունը գիտի, որ իր թիկունքում ունի ժողովուրդ, իսկ ավտորիտար համակարգում՝ վախերն ավելի մեծ են, եթե գալիս է պահ, որտեղ պետք է պատմական որոշում կայացվի։ Այդ պարագայում հնարավոր է լինի իշխանափոխություն, և վենդետա՝ սեփական ժողովրդի կողմից։ Ժողովրդավարական զարգացումները և իշխանության անցնցում փոխանցումը, ինչը պետք է հանգեցնի սոցիալ-տնտեսական վիճակի կարգավորման, ազգային անվտանգության ամրապնդման, դրական կազդի արցախյան հակամարտության վրա»,- նշեց Մովսիսյանը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը սուտ լուրեր է տարածում սահմանագծին լարված իրավիճակի վերաբերյալ, նա նշեց՝ անձինք, ովքեր պնդում են, որ այդ ամենը իշխանություններն են հորինել, որպեսզի շեղեն մարդկանց ուշադրությունը երկրում տիրող իրավիճակից, անգրագիտություն են դրսևորում։ Ադրբեջանագետի խոսքով՝ երբևէ չի եղել այնպիսի դեպք, որ ԱՀ ՊԲ-ն մոլորեցնելու փորձեր արած լինի հանրության նկատմամբ և սուտ տեղեկություններ տարածի սահմանագծի լարված վիճակի վերաբերյալ։
«Մարդիկ ուղղակի չեն տիրապետում, թե ինչ է կատարվում սահմանին։ Չի կարելի կանգնել Երևանի կենտրոնական հրապարակում և ասել, որ սահմանագծում ամեն ինչ հանգիստ է։ Մեր բանակին և իշխանությանը չվստահելու դեպքում, հատկապես Արցախի հարցում, մենք լուրջ կորուստներ կարող ենք ունենալ։ Ադրբեջանցիներն, իհարկե, ամեն ձևով հաշվարկել են այս ամենը և, եթե դիտարկենք, իրենց ՊՆ հայտարարությունը՝ հենց այդ ուղիով էլ տանում են, որ սա հայերի հերթական սադրանքն է։ ԱՀ ՊԲ-ն շատ հստակ ներկայացրեց կադրերը, որ այնտեղ ոչ միայն զինվորական մեքենաների տեղաշարժ է, այլև տանկերի։ Դրանց տեղաշարժը նշանակում է, որ հակառակորդը ինչ-որ գործողություններ է պատրաստվում կատարել»,- նշեց ադրբեջանագետը։
Նրա կարծիքով, եթե ամեն ինչ ընթանար 2008 թվականի սցենարով, ապա Արցախում այսօր լրիվ այլ իրավիճակ կլիներ։
«Եթե Հայաստանում ավելի լարվեր իրավիճակը և գնար դեպի քաղաքացիական պատերազմ, ապա հնարավոր է, որ լուրջ դիվերսիոն գործողություններ լինեին կամ ավելի սաստիկ, քան ապրիլյան պատերազմը»,- նկատեց Աշոտ Մովսիսյանը։
Եզրափակելով խոսքը՝ նա նշեց, որ Ադրբեջանի պարագայում երբեք պետք չի բացառել, որ այն կարող է ռազմական գործողություններ իրականացնել սահմանագծին։