Գավառում երեկ դանակահարված երկու երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում
Գավառ քաղաքում 2018 թվականի մայիսի 2-ին իրականացված բողոքի զանգվածային գործողությունների հետեւանքով դանակահարված երկու երիտասարդների կյանքին, ինչպես հավաստեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանը, վտանգ չի սպառնում:
«2018 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14:45-ին, Գավառի ԲԿ բուժօգնության են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ՝ 1999 թվականին ծնված Դավիթ Ղարաբաղցյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ, եւ 1998 թվականին ծնված Տարոն Հովհաննիսյանը՝ «աջ գոտկային շրջանի եւ աջ պարավերտեբրալ շրջանի ծակած կտրած թափանցող վերք եւ մակրոհեմատուրիա» ախտորոշմամբ։Տարոն Հովհաննիսյանը մեզ մոտ բուժօգնության դիմելուց մոտ կես ժամ անց բուժման է տեղափոխվել մայրաքաղաքի «Էրեբունի» ԲԿ, իսկ Դավիթ Ղարաբաղցյանը շարունակում է բուժումը Գավառի ԲԿ-ում:
Երկուսի վիճակն էլ գնահատվել է միջին ծանրության, եւ նրանց կյանքի համար վտանգավոր բան չկա»,-հավաստիացրեց Աշոտ Կարապետյանը: Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները դանակահարվել են 2018 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Գավառ քաղաքի թիվ 9 դպրոցի մոտ գտնվող դաշտամիջյան հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ըստ վկաների ցուցմունքների՝ վիճաբանությունը կապված է եղել նույն օրը Գավառ քաղաքի Օգոստոս 23 փողոցում Դ. Ղարաբաղցյանի եւ Տ.Հովհաննիսյանի կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան թեք կանգնեցնելու, ճանապարհը փակելու եւ այլ մեքենայի ընթացքը խոչընդոտելու հետ:
Խոսրով Խլղաթյան