«Ֆինանսական համակարգի կայունությունը և զարգացումը պակաս կարևոր չէ երկրի անվտանգությունից». Մեսրոպ Առաքելյան
Ներքաղաքական հեղափոխական այս իրավիճակում որոշ լրատվամիջոցներում և սոցցանցերում կեղծ լուրեր էին շրջանառվում՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ: Տեղեկություններ, որոնք կարող են լուրջ վնասներ հասցնել Հայաստանի ֆինանսական համակարգին՝ խուճապային իրավիճակ ստեղծելով հասարակության շրջանում: 168.am-ն այս կապակցությամբ զրուցել է տնտեսագետ, «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի հետ:
– Ինչպիսի՞ ազդեցություն ունի և կարող է ունենալ հեղափոխական վիճակը երկրի ֆինանսական համակարգի վրա:
– Ընդհանրապես ֆինանսական համակարգը սիրում է կայունություն, և առաջին հայացքից կարող է թվալ, թե ցանկացած քաղաքական փոփոխություն պետք է բացասական անդրադարձ ունենա ֆինանսական համակարգի վրա, սակայն փորձենք իրավիճակը բաժանել երկու մասի՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետ հատվածում, իհարկե, կարող են և կան, որոշակի մտավախություններ, սակայն ԿԲ-ն՝ որպես անկախ և ապաքաղաքական կառույց, իր լիազորությունների շրջանակում, լիարժեք տիրապետում է իրավիճակին, մասնավորապես այս պահին բանկերն ունեն գերլիկվիդայնություն, սահմանված նորմատիվից 2-3 անգամ ավելի, այսինքն՝ առկա իրացվելի միջոցներն ամբողջովին բավարար են սպասարկելու բոլոր պարտավորությունները:
Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ բանկերի նկատմամբ կապիտալի պահանջի ավելացումն էլ ավելի է ամրապնդել կայունությունը, մասնավորապես ավելի քան 700 մլրդ կապիտալի առկայությունը լիարժեք հիմք է պահպանելու համակարգի կայունությունը: Իսկ երկարաժամկետ հատվածում, կարծում եմ, առկա է դրական սպասումների մեծ պաշար, որը ճիշտ օգտագործելու պարագայում՝ կարելի է ունենալ ավելի կայուն և ապահով բանկային համակարգ:
– Հասարակության մոտ առկա է որոշակի մտավախություն ավանդների մասով, մասնավորապես, առկա են կոչեր, որ մարդիկ բանկերից ավանդները հանեն:
– Համոզված եմ՝ այդ կոչ անողները որևէ առնչություն չունեն բանկային համակարգի հետ, ընդամենը հերթական խուճապն են փորձում առաջացնել, և, նրանց պատկերացմամբ՝ այդ ավանդները բանկում մի տեղ դրված են, և բանկի տերերն այդ փողերը վերցնելու են և փախնեն Հայաստանից: Ավանդները բանկերի համար ընդամենը միջոցներ են, որոնք տեղաբաշխված են վարկերի և այլ ակտիվների մեջ, և, հետևաբար, որևէ մոտիվացիա բանկերը չունեն, հակառակը՝ բոլոր վնասներն առաջին հերթին փոխհատուցվում են բանկերի կապիտալի կողմից, որի նվազագույն պահանջը յուրաքանչյուր բանկի համար 30 մլրդ դրամ է: Իսկ այս պահին բանկերի գերակշիռ մասն աշխատում է շահույթով և իրենց պարտականությունների կատարման մասով որևէ խնդիր չունեն: Ի դեպ, չմոռանանք, որ պետության կողմից ապահովագրված են մինչև 10 մլն դրամ ավանդները, և ավանդների 90 տոկոսից ավելին այդ շեմից ներքև է:
– Առկա է նաև փոխարժեքի տատանման մտավախություն:
– Ընդհանրապես փոխարժեքն ապրանքի գինն է, որը տատանվում է այդ ապրանքի գնի նկատմամբ առաջարկից և պահանջարկից: Այս պահին տնտեսության մեջ առավելագույն պասիվություն է, այսինքն՝ որևէ մեկին ոչ դոլար գնելը, ոչ էլ վաճառելը հետաքրքիր չէ, արդյունքում՝ որևէ էական փոփոխություն չի կարող լինել: Միևնույն ժամանակ, փոխարժեքը նաև սեզոնային բնույթ է կրում, և ավելի շատ հավանական է դրամի ամրապնդում առաջիկա ամիսներին:
– Իսկ ապագայում ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ:
– Ակնհայտ է, որ երկրում արդեն տեղի է ունեցել իշխանափոխություն, և ստեղծվում է նոր իրավիճակ, և նոր իշխանությունն օր առաջ պետք է ստանձնի նաև ֆինանսական համակարգի կայունության պահպանման և զարգացման պատասխանատվությունը: Ընդհանրապես, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ֆինանսական համակարգի կայունությունը և զարգացումը պակաս կարևոր չէ երկրի անվտանգությունից: Համոզված եմ, այն դրական էներգետիկան, որ առկա է երկրում, կնպաստի համակարգի զարգացմանը: Բանկային համակարգը, անկախ երկրում առկա տնտեսական, իրավական խնդիրներից, կոռուպցիայից, անարդարությունից, ունի բացառիկ կայունություն և թափանցիկություն, և համոզված եմ՝ համակարգը նույնպես ընկալում է նոր իրողության առկայությունը, և լիարժեք փոխհամաձայնության արդյունքում կունենանք ավելի ուժեղ բանկային համակարգ: