Հարց Փաշինյանին՝ «Ինչպե՞ս են հայկական հասարակական կազմակերպությունները որոշելու քաղբանտարկյալների հարցը»
Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, մեջբերելով Ն.Փաշինյանի՝ այս օրերին կատարած հայտարարությունը այն մասին, որ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ, պետք է որոշեն մասնագիտացված հասարակական կազմակերպությունները (հ/կ), հետաքրքրվեց, թե որո՞նք են այդ կազմակերպությունները։ Ա. Հովհաննիսյանը նկատեց, որ ՀՀ-ում կան գրանցված 5000 հ/կ-ներ, որոնց կեսից ավելիի կանոնադրական խնդիրներում նշված է իրավապաշտպան գործառույթը։
«Որոշումների կայացման որոշակի գաղափարաբանություն պետք է օգտագործվի, որովհետև մենք պետք է ունենանք հստակ չափանիշեր, այդ չափանիշերը կիրառող անձանց և կազմակերպությունների շրջանակը գծենք և հարցին տանք ինստիտուցիոնալ լուծում։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին կամ քաղաքականության հետ առնչություն ունեցող գործերին պետք է ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում, և այդ մոտեցման միակ նպատակը պետք է լինի հանրային համերաշխության վերականգնումը»,- պատասխանեց Ն.Փաշինյանը։
Ա.Հովհաննիսյանը նշեց, որ հայկական հ/կ-ներից որոշները «Սասնա ծռերին», որոնց գործողությունների արդյունքում մարդիկ են մահացել, համարում են քաղբանտարկյալներ, սակայն զուգահեռ՝ կան միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, որոնց ցուցակների հիման վրա են Ադրբեջանին միջազգային կառույցներում ներկայացվում ցուցակներ քաղբանտարկյալներ ունենալու վերաբերյալ, և այդ հեղինակավոր կազմակերպությունների ցուցակներում Հայաստանը չունի քաղբանտարկյալներ։
Ա.Հովհաննիսյանի խոսքով՝ ԵԽ ԽՎ-ի 2000 թվականի բանաձևում կան չափանիշեր, որոնց համապատասխան՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան։
Ա.Հովհաննիսյանը հարցրեց, թե ինչպե՞ս են հայկական հ/կ-ները որոշելու քաղբանտարկյալների հարցը, և, եթե որոշեն, ինչպե՞ս են ազատ արձակվելու։
Ն.Փաշինյանը նշեց, որ այն, ինչ կատարվելու է, պետք է կատարվի ՀՀ օրենսդրության համապատասխան, և անազատության մեջ գտնվող անձի ազատ արձակման համար կան օրենսդրական հնարավորություններ և գործիքներ, և առանձին դեպքերում կարող է կիրառվել մեկ գործիք, մյուս դեպքերում՝ այլ.
«Ընդհանուր առմամբ, ասում եմ, որ այստեղ պետք է կայացվեն ոչ թե նեղ թիմային որոշումներ, այլ պետք է որոշակի նաև քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների կարծիքները հաշվի առնվեն, և ես համաձայն եմ այն իրողության հետ, որ մեր գործողությունները պետք է ունենան կարևորագույն նպատակ, այդ նպատակը հանրային համերաշխության հաստատումն է։
Այսինքն՝ եթե պետք կլինի գնալ քաղաքական որոշումների, որոնք անհրաժեշտ կլինեն հանրային համերաշխություն հաստատելու և երաշխավորելու համար, որովհետև մենք չենք կարող գնալ լուծումների, որոնք կբերեն նոր պրոբլեմներ, մենք պետք է համոզված լինենք, որ էն լուծումները, որ մենք առաջարկում ենք կամ իրականացնում ենք, դրանք իրոք լուծումներ են, ոչ թե նոր պրոբլեմների մեկնարկ»։