«Եթե մենք գնանք այս ճանապարհով, կորցնելու ենք Արցախը». Գառնիկ Իսագուլյան

168.am-ի զրուցակիցն է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

– «Ելք» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Հայտնի է, որ ԱԺ երեք խմբակցությունները սատարելու են Փաշինյանին, իսկ ՀՀԿ-ն հայտարարել է, որ, եթե լինի մեկ թեկնածու, իրենք չեն խոչընդոտի նրան: Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ փոփոխությունների ականատես կլինենք առաջիկայում Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական կյանքում:

– Փոփոխությունների առումով պետք է հստակ ֆիքսել հետևյալը: Որևէ պարագայում, որևէ մեկն իրավունք չունի շրջանցել Սահմանադրությունը և ՀՀ օրենքները: Մեր միակ ուղենիշն այս Սահմանադրությունն ու այդ օրենքներն են, որոնց մեջ հստակ ձևակերպումներ կան: Նիկոլը մի ճանապարհ ունի, նա պարտավոր է կոալիցիոն պայմանագիր կնքել ՀՀԿ-ի հետ, եթե ուզում է ունենալ վարչապետի թեկնածու: Ընդ որում, դա միայն առաջին մասն է: ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, թեկուզ սատարեն Նիկոլ Փաշինյանին, պետք  է դառնան ընդդիմություն, որովհետև տոկոսային հարաբերակցության հստակ մեխանիզմ կա դրած մեր օրենքներում, որ ընդդիմությունն առնվազն 33 տոկոսով պետք է ներկայացված լինի ԱԺ-ում: Եթե պարզվի, որ իշխանություն են բոլոր խմբակցությունները, դա կնշանակի՝ մենք արդեն օրենքի դաշտից դուրս ենք: Եթե կոնկրետ ես չեմ կիսում Նիկոլ Փաշինյանի տեսակետը, դեմ եմ նրա բոլոր բարձրացրած հարցադրումներին, իմ տեսակետն ո՞վ է ներկայացնում ԱԺ-ում: Այսինքն՝ Նիկոլը մեկ ճանապարհ ունի՝ դառնալ Հանրապետականի թեկնածու: Ուրիշ բան, որ իրենք կարող են պայմանավորվել ՀՀԿ-ի հետ, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտելու իր վարչապետ դառնալուն, ինչ ծրագիր էլ բերի Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ն կողմ է լինելու, կառավարությունում որևէ ներկայացուցիչ չի ուզում ունենալ, բայց նաև ամբողջ պատասխանատվությունն այդ ծրագրի և ամեն ինչի համար հետագայում կրելու է Նիկոլ Փաշինյանը՝ իր «Ելք» դաշինքով: Սա է միակ ձևը, որով հնարավոր է, որ առաջնորդվի Նիկոլ Փաշինյանը: Եթե ՀՀԿ-ից մի 6 հոգի դավաճանեն խմբակցությանը, կուսակցությանը, անցնեն այն երեք կուսակցությունների կողքը և ձայն տան, ու Նիկոլը դառնա վարչապետ, դարձյալ սա որևէ կերպ չի ազատում Նիկոլին այն պիտակից, որ ինքը դավաճանած Հանրապետականով է դառնում վարչապետ:

– Ուզում եք ասել, որ, եթե ՀՀԿ-ն քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, իրենք բոլորը դավաճա՞ն են:

Կարդացեք նաև

– Չէ, ես ասացի, որ դա կարող են անել միայն այն դեպքում, երբ կոալիցիոն պայմանագիր կնքեն:

– Դե, հիմա չկա կոալիցիոն պայմանագիր:

– Եթե չկա, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, Սահմանադրությամբ կա կայուն մեծամասնություն, վարչապետի ծրագրի համար պատասխանատուն ո՞վ է: Չէ՞ որ այս ամբողջ Սահմանադրության փոփոխության իմաստը կայանում էր նրանում, որ կուսակցությունների դերակատարությունը բարձրացվի, և մեզ ասում էին՝ անձնիշխանությունից պետք է վերանանք: Այսինքն՝ ոչ թե անձը պետք է գա իշխանության, այլ՝ քաղաքական ուժը, որը մեծամասնություն է ԱԺ-ում: Ուզենք թե չուզենք, այդ ուժն այսօր ՀՀԿ-ն է: Ում ուզում եք՝ ընտրեք վարչապետ, չի կարող այդ մարդը չներկայացնել ՀՀԿ-ի տեսակետը: ՀՀԿ-ն պետք է կոալիցիա կազմի «Ելքի» հետ, բայց ինքն իրեն պատասխանատվությունից հանի: Նիկոլին պետք է ձայն տա, ասի՝ մենք քեզ չենք խանգարում վարչապետ դառնալ, կառավարություն կազմել, ծրագիր բերել, բայց ինչ էլ պատահեց՝ Արցախը կորցրեցիր, տարածքներ կորցրեցիր, ինչ արեցիր, մեղավորն ու պատասխանատուն դու ես և քո կուսակցությունը:

– Ըստ Ձեզ՝ հենց այդպես էլ կլինի՞:

– Ուրիշ ձև չկա, ուրիշ ձևը նոնսենս է: Ի՞նչ է՝ Նիկոլը սա չի՞ հասկանում: Ուզում եմ Նիկոլին մի քանի հարց ուղղել՝ որպես արդեն «Ելքի» կողմից առաջադրված թեկնածուի: Նիկոլ Փաշինյան, շատ կարճ ու կոնկրետ, առանց մանևրելու, մանիպուլյացիաների, պատասխանի շատ կարճ ու լակոնիկ. Արցախի հարցում քո դիրքորոշումը, պատրա՞ստ ես փոխզիջման, և ո՞րն է այդ փոխզիջման քո գրաֆիկը: Հստակ պատասխանի հետևյալ հարցին՝ Աղդամը մեր հայրենի՞քն է, թե՞ ոչ, որովհետև դրանից է բխելու քո դիրքորոշումը ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ: Եթե 800 հեկտարն ինչ-որ մեկին ներվեց, քեզ 800 քառակուսի մետրն էլ չի ներվելու, դու ինձ նման քո ընկերոջ թափված ուղեղը Գետաշենում մաս-մաս չես հավաքել: Դրա համար հստակ պատասխանի՝ ԵԱՏՄ-ի վերաբերյալ քո դիրքորոշումը, դու մինչև այժմ ասել ես, որ դուրս ես գալու ԵԱՏՄ-ից, հիմա դո՞ւրս ես գալու, թե՞ ոչ:

– Ասել է, որ դուրս չենք գալու ԵԱՏՄ-ից:

– Ի՞նչը փոխվեց: Հստակ ինձ ասա՝ ռուսական ռազմաբազաները մնալո՞ւ են Հայաստանում, թե՞ ոչ, և ի՞նչ պայմաններով են մնալու: Այսինքն՝ եթե ամեն ինչ նույնն է մնալու, այդ դեպքում, Նիկոլ ջան, քո բերած նորությունը ո՞րը պետք է լինի: Արդար ընտրություննե՞ր: Դու սուտ ես ասում, որովհետև քեզ ժամանակ է պետք վարչապետ դառնալու համար, որ լծակները քո ձեռքը լինեն, դու գիտես, որ սկսվելու է առնետավազք, ոնց որ մի գիշերում ՀՀՇ-ականները դարձան ՀՀԿ-ական, հիմա այդ ՀՀԿ-ականները պետք է դառնան նիկոլական, ու էդ ձևո՞վ գնաք ընտրության, ու հետո դու ասես, որ արդա՞ր է:

Որքանո՞վ ճիշտ կլինի, որ այժմ պատասխանատվությունը վերցնի մեկ այլ անձ՝ այն պարագայում, որ շարժումը գլխավորել է Նիկոլ Փաշինյանը, և մարդիկ հենց նրա կոչով են փողոց դուրս եկել:

– Ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը: Նիկոլի կարգախոսը եղել է՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին»: Մերժել ենք Սերժին, բայց հիմա հաջորդ քայլն անելու համար մենք պետք է այլ ճանապարհ ընտրենք: Այսօր ռեալ իշխանությունը, Նիկոլ շատ լավ գիտի, որ իր ձեռքին է, բայց մայիսի 1-ին, երբ ինքը դարձավ վարչապետ, այլևս իշխանությունն իր ձեռքին չէ:

– Իսկ ո՞ւմ ձեռքին է լինելու:

– Չգիտեմ՝ դա արդեն պետք է Նիկոլից հարցնեք, որովհետև այն հարցերի պատասխանները, որ ես ակնկալում եմ նրանից ստանալ, այդ հարցերի պատասխաններն ինքը չունի: Ինքը գործիք է ինչ-որ մարդկանց ձեռքում, շատ արագ վարկաբեկվելու է այդ պաշտոնում: 1 քառակուսի հող էլ հիմա մենք զիջենք, մեղավորը Նիկոլն է, ու ինքը ոչ թե մյուսների նման ներվելու է, այլ շատ ծանր ճակատագիր է ունենալու: Դրանից հետո կգան այն ուժերը, որոնք իրականում ղեկավարում էին այս ամբողջ շարժումը, ովքեր կատարում էին ամբողջ կազմակերպչական աշխատանքը, երբ Նիկոլն ուղղակի քայլում էր:

– Բայց Դուք ինչ-որ ինֆորմացիա ունե՞ք, որ նման բան եք ասում:

– Ի՞նչ եք կարծում՝ ո՞նց էր պատահում, որ միաժամանակ 100 տեղից խմբերը դուրս էին գալիս, ճանապարհները փակում էին, ընդ որում՝ 14-15 տարեկան երեխաներ:

– Ինքնաբուխ էին դուրս գալիս:

– Ինքնաբուխ, միաժամանակ, 800 տեղ ոտքի՞ են կանգնում: Այդքան նաիվ չլինենք… Ես եղել եմ այնպիսի մարմինների աշխատող, որ գիտեմ, թե ինչ է նշանակում՝ կազմակերպված գործունեություն:

– Բայց գուցե մարդիկ այնքան դժգոհ են իշխանություններից, որ…

-Դժգոհ մարդիկ կարող էին անկանոն դուրս գալ: Երբ հայտարարվում է ամբիոնից՝ պատգամավորներին զանգեք, հայհոյեք, ու ամենավերջին հայհոյանքը տալիս են, ու մեկ էլ ասում են՝ մի տվեք, դա դադարում է, ի՞նչ եք կարծում, դա ինչ-որ մե՞կն է անում: Միաժամանակ 800 տեղ ոտքի են կանգնել: Ուրեմն՝ ինչ-որ մարդիկ անում են, չէ՞, սա:

– Դուք Ձեր բաց նամակում էլ էիք նշել, որ վտանգներ եք տեսնում՝ Արցախի հարցի հետ կապված: Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ նկատի ունեք:

– Որ այս ալիքը կտարածվի նաև Արցախ, և արդեն նշանները կան, որ այդ ալիքի հետևանքով շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու Արցախում: Եթե իրենք կարողացան զինվորական շարասյունը 4 ժամ կանգնեցնել Վարդենիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա, նշանակում է՝ այս մարդկանց համար սրբություն չկա, ամեն ինչի առաջ կարող են փակել: Լևոն Տեր-Պետրոսյանն իր ամենապիկ ըմբոստության ժամանակ հայտարարեց, որ, եթե Արցախին որևէ վտանգ սպառնա՝ բոլորս միավորվում ենք իշխանությունների շուրջ: Գոնե մեկ նման հայտարարություն լսե՞լ եք: Գոնե մեկ հայտարարություն լսե՞լ եք, որ զինվորական զորամասը լքել չի կարելի, Արցախ գնացող բեռների առաջ ճանապարհը փակել չի կարելի, ընդհանրապես, Արցախի հետ կապված որևէ բացասական գործունեություն ծավալել չի կարելի: Լսե՞լ եք նման բան:

– Երբ զինծառայողները միացել էին շարժմանը, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին վերադառնալ զորամասեր:

– Նման հայտարարություն պետք չէր անել հետո, երբ իր մոտ մարդ են ուղարկում, շատ սխալ է անում այդ ուղարկողը, որ ըստ էության դրանով ընդունում է, որ գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է: Նիկոլ Փաշինյանը հենց առաջին պահին չգիտե՞ր, որ խաղաղապահները լքել են զորամասը: Պետք է ասեր, որ նրանց պետք է դատեն օրենքի ամբողջ խստությամբ, իսկ նրանք ողջագուրվում էին: Հենց առաջին վայրկյանից պետք է ասեր, որ նրանց նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի, ու պետք է դատեն նրանց, որովհետև զինվորն իրավունք չունի խառնվել քաղաքական գործընթացներին:

– Ո՞վ է մարդ ուղարկել Նիկոլ Փաշինյանի մոտ:

– Ես հիմա անուններ չեմ հրապարակում: Դա ևս իշխանության թուլությունն էր, որ շատ իշխանավորներ այս օրերին թույլ տվեցին՝ ցույց տալով, որ իրենք պրոֆեսիոնալներ չեն, որ իրավունք չունեն զբաղեցնել տենց բարձր, առավել ևս՝ զինվորական պաշտոններ:

– Դուք նշել եք, որ սխալ եք համարում Սերժ Սարգսյանի՝ հրաժարական տալու որոշումը: Ուրիշ ի՞նչ ելքեր կային այդ իրավիճակում, բացի հրաժարական տալուց՝ ի՞նչ կարող էր անել Ս. Սարգսյանը:

– Շատ սովորական, նա պետք է պահպաներ Սահմանադրությունը: Եթե ինքն իսկապես գնալու էր, պետք է գնար այդ բանակցություններին, շատ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերեր, ինքը ստորագրեր այդ փաստաթղթի տակ՝ Փաշինյանի հետ միասին, ու սահմանադրական նորմը պահելով՝ իշխանությունը հանձներ, եթե հանձնելու էին:

– Բայց Նիկոլ Փաշինյանը ռադիկալ պահանջ էր դրել:

– Դա պարոն Փաշինյանի պրոբլեմն է, որովհետև պարոն Փաշինյանը չի հասկանում՝ ինչ ասել է՝ իշխանություն, իշխանության լեգիտիմություն, և դրա համար էլ հիմա ասում է՝ այն, ինչ ասել եմ՝ որպես ընդդիմադիր, դա որևէ նշանակություն չունի, որպես իշխանություն՝ ես անելու եմ ճիշտ հակառակը: Այսինքն՝ մինչև հիմա որպես ընդդիմություն խաբե՞լ է ժողովրդին: ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց էր դնում, ինչո՞ւ է հիմա փոխել դիրքորոշումը, ռուսական բազաները հանելու հարց էր դնում, ինչո՞ւ է հիմա փոխել դիրքորոշումը: Սամվել Բաբայանին, մյուսներին անհապաղ ազատելու հարց էր դնում, հիմա ինչո՞ւ է փոխել դիրքորոշումը:

Փոխե՞լ է:

– Այո, փոխել է: Պարզ չէ՞, որ, երբ գոռացին՝ «Սասնա ծռեր», «Սասնա ծռեր», Սասուն Միքայելյանը մոտեցավ ամբիոնին, ասաց՝ դա ինձ է վերաբերում, ոչ թե՝ ուրիշներին… «Սասնա ծռերի» պահանջը շատ հստակ է՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից, ռուսական ռազմաբազաները հանել Հայաստանից: Իրենք այդ հարցը դնելու են Նիկոլ Փաշինյանի առաջ և նույն ձևով, ինչպես դրել են իշխանությունների առաջ այն ժամանակ: Նիկոլը ո՞նց է տակից դուրս գալու, նա հաշվե՞լ է այդ ամեն ինչը: Մեզ համար ամենամեծ կորուստը կարող է լինել Արցախի կորուստը: Եթե մենք գնանք այս ճանապարհով, կորցնելու ենք Արցախը, և այն ուժերը, որոնք Նիկոլին այդպես առաջ են տանում, չի բացառվում, որ նպատակը հենց դա է:

– Սերժ Սարգսյանի պարզաբանումը ձեզ համար հիմնավոր չէ՞ր, թե ինչու է ինքը հրաժարական տալիս:

– Ամենևին:

– Իսկ դուք դրանից հետո խոսե՞լ եք նրա հետ:

– Ցավոք սրտի, առիթ չի եղել, բայց անպայման խոսելու եմ:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց հրաժարական տալ:

– Այդ հարցերն ինձ մի ուղղեք, պետք է ուղղեք նրան և պատասխաններ ակնկալեք: Հավատացեք՝ եթե ես այսօր օրենքով ինձ տրված լծակը չեմ օգտագործում, որպեսզի խուսափեմ այն մինիմում կորուստներից, և վաղը դրա պատճառով ունենում եմ մաքսիմալ կորուստներ, դա ինձ ներելի չէ: Եթե հիմա մենք մի ուրիշ տեղ կորուստներ ունենանք, ապա հավատացեք՝ այդ ամբողջի մեղքը Նիկոլի վրա է, դա հեչ, նա չի մարսելու, բայց նաև Սերժ Սարգսյանի վրա է մնալու, որ ո՞նց կարելի է իշխանությունն այդպես հանգիստ, առանց որևէ պատճառի, ճնշումների, վախի ներքո զիջել:

– Այս ցույցերը, բողոքի ակցիաները շարունակվեին, երկրի ներքին կայունությանը վտանգ չէ՞ր սպառնա:

– Երկրի կայունությունն ապահովում են բացառապես իրավապահ մարմինները: Երկրի կայունությունը Նիկոլը չի ապահովում: Իշխանությունն իրավունք ունի ուժ կիրառել, երբ այդ կայունությունը խաթարվում է: Իշխանությունը նրա համար չէ, որ ով փողոցում թեկուզ 100 հազար մարդ հավաքի, իշխանությունը զիջեն»:

– Այդ դեպքում ականատես կլինեինք 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կրկնությանը:

– Ո՛չ: Մարտի 1-ն էլ էր նրա պատճառով, որ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ էին ղեկավարում գործընթացները, պետությունն էլի այն վճռականությունը չուներ, որովհետև անցումային շրջան էր, և հայտնի չէր, թե ով էր իրական ղեկավարը: Ցավոք սրտի, սա էլ տեղի ունեցավ անցումային շրջանում, մարդիկ շատ լավ հաշվել էին, հիմա կիրառեցին ուրիշ տեխնոլոգիաներ: Պետությունը մնում է պետություն, իրավապահ մարմինները մնում են իրավապահ մարմինները: Իսկ թե ի՞նչ կասեր ղեկավարը, դա կարևոր չէ: Ոստիկանության պարտականությունն է՝ իմ իրավունքը պաշտպանել այնտեղ, որտեղ դա ինչ-որ մեկը խախտում է: Հիմա վաղը, ես հելնելու եմ 14 տարեկան երեխաների հետ գնալու եմ, մի ճանապարհի վրա նստենք, վրաններ խփենք ու փակենք: Ի՞նչ եք անելու: Ի՞նչ իրավունքով եք գալու ինձ ասեք, որ դրա իրավունքը չունեմ, երբ հիմա բոլորդ ասում եք, որ ճիշտ են արել: Կարող եմ, չէ՞, առնվազն 200 երեխա հավաքել:

Նրանք հերիք են, որ Հայաստանի 4 ստրատեգիական ճանապարհները փակեն: Հետո՞, պետությունն ուժ չի՞ կիրառելու, Նիկոլն ուժ չի՞ կիրառելու: Ցավոք սրտի, նաև ուժայինների հարցը կա, այնտեղ պետք է լինեն մարդիկ, ովքեր ունեն պետական մտածողություն, ովքեր առաջնորդվում են բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով, և ով էլ այդ օրենքը խախտի, իրենք դա չեն հանդուրժում: Քնքուշ տղաների տեղ չեն ուժային կառույցները:

Տեսանյութեր

Լրահոս