
«ՀՀ-ում կլանային կառավարման էջը փակված է». Նիկոլ Փաշինյան

«Ոմանք հույս ունեին, որ ժողովուրդն այնքան կուրախանա Սերժ Սարգսյանի հրաժարականով, որ կմոռանա, թե ինչի համար է հավաքվել։ Սերժ Սարգսյանի հրաժարականն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ այս պրոցեսն ավարտին հասցնելու համար։ Ժողովրդի դե ֆակտո հաղթանակը դե յուրե պետք է արձանագրվի»,- այսօր Իջևանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ հեղափոխության հիմնական նպատակն այն է, որ այսուհետ, անկախ կարգավիճակից և պաշտոններից՝ որևէ անձի, որևէ կուսակցության, որևէ կլանի իշխանություն չի պատկանելու, այլ պատկանելու է միայն ժողովրդին։ Փաշինյանը հայտարարեց, որ Իջևանում է, առաջին հերթին, հայտարարելու համար, որ, թեև ծնունդով իջևանցի է, բայց քաղաքական գործունեության մեջ՝ որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, իջևանցի է նույնքան, որքան ղարաբաղցի, ղարաբաղցի է նույնքան, որքան գորիսեցի.
«Չնշեմ բոլոր քաղաքների անունները։ Այստեղ հայտարարում եմ, որ ՀՀ-ում կլանային կառավարման էջը փակված է։ ՀՀ-ում այլևս մարդիկ չեն գնահատվելու նրանով, թե ում մոտիկն են։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է հավասար հնարավորություն՝ մնացած բոլոր քաղաքացիների հետ։ Սա վերաբերում է բոլոր ոլորտներին։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունենալու՝ ապրել և գործել ազատ, Հայաստանում լկտիության էջը փակված է»։
Նա ասաց, որ իր վարչապետ ընտրվելու պարագայում, առաջին հերթին, իր մտերիմներն ու ընկերները պետք է պատասխանատու, կարգապահ ու համեստ լինեն։