Միջկորեական գագաթնաժողովի վերջին ակորդը դարձավ գունեղ երաժշտական-լուսային շոուն
Փանմունջոմից Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մեկնումով պաշտոնապես ավարտվել է վերջին մեկ տասնամյակի ընթացքում առաջին միջկորեական գագաթնաժողովը։
Երկու երկրների ղեկավարները սրտառուչ հրաժեշտ են տվել միմյանց, նրանց դեմքներին նկատելի էր հոգնածությունը, բայց նրանք ակներեւաբար գոհ էին իրենցից եւ հանդիպման արդյունքներից: Մուն Չժե Ինը նույնիսկ «գերազանց ընկեր» է անվանել Կիմ Չեն Ընին:
Միջոցառման վերջին ակորդը դարձել է գունեղ երաժշտական-լուսային շոուն, որը պրոեկցվում էին Խաղաղության տան ճակատամասին եւ հանդիսականներին պատմում Կորեական թերակղզու անցյալի, ներկայի ու ապագայի մասին: Երկու երկրների ղեկավարներն իրենց տիկինների ուղեկցությամբ հետաքրքրությամբ դիտում էին ներկայացումը եւ կարծիքներ փոխանակում:
Միջոցառման ավարտից հետո Կիմ Չեն Ընը եւ Մուն Չժե Ինը մի քանի րոեպ կանգնած էին կողք-կողքի՝ ձեռք-ձեռքի տված: Երկու երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որում կողմերը հայտարարել են, որ Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն դադարեցնում են փոխադարձ բոլոր թշնամական գործողությունները: Նրանք հաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու միջուկազերծումն է:
Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի զինվորականները նաեւ պայմանավորվել են մշտական կապ պահպանել, այդ թվում՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Բացի այդ, Քեսոնում ստեղծվելու է օպերատիվ կապի համատեղ կետ: Հռչակագրի համաձայն, երկրները պայմանավորվել են լուծել նաեւ հումանիտար խնդիրները, ներառյալ կորեական ընտանիքների վերամիավորման հիմնախնդիրը: Ի թիվս այլ միջոցառումների, Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն պայմանավորվել են աշխատանք սկսել երկու երկրների երկաթուղիների միավորման համար:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ապագայում Հարավային Կորեայի հետ իր երկրի միավորման հույս ունի: «Ես հավատում եմ, որ Հյուսիսը եւ Հարավը ապագայում կմիավորվեն»,-ասել է նա միջկորեական բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Կիմ Չեն Ընը նշել է, թե ակնկալում է, որ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների քաղաքացիներն ապագայում կկարողանան ազատորեն հատել երկու երկրների միջեւ սահմանը:
«Մենք մի ժողովուրդ ենք, մի արյուն: Մենք չենք կարող զատված լինել»,-ընդգծել է նա: Ինչպես իր հերթին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, երկրները պայմանավորվել են, որ իրենց միջեւ այլեւս պատերազմի չի լինի: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմական է որակել ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանամերձ վայրում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպումը:
«Հրթիռների արձակումների եւ միջուկային փորձարկումների խելահեղ տարվանից հետո այժմ պատմական հանդիպում է տեղի ունենում ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ: Լավ բաներ պատահում են, բայց ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի հետագայում»,-գրել է Թրամփը Twitter-ի իր էջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: