«Կարծում եմ՝ հիմա մեր հարաբերություններում ոչ մի խնդիր չկա». Արմեն Սարգսյանին հաջողվել է համոզել Նիկոլ Փաշինյանին
Ինչպես հայտնի է, երեկ «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Ֆեյսբուքյան իր էջում Ն. Փաշինյանը գրել էր, որ նախագահը բերել էր իր փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ նա կորցրել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը 2011 թվականին:
Այսօր լրագրողները Ն. Փաշինյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Ա. Սարգսյանի ներկայացրած ապացույցները համոզիչ են եղել: Ի պատասխան՝ նա ասաց. «Վերջին անգամ, երբ մենք հանդիպեցինք Հանրապետության հրապարակում, ես նրան ասացի, որ մեծ խնդիր կա մեր հարաբերություններում, որովհետև դուք ասել էիք, որ դուք կորցրել եք Մեծ Բրիտանիայի ձեր քաղաքացիությունը 2011-ին, բայց ապացույցներ չեք ներկայացրել: Նա խոստացավ, որ հաջորդ անգամ, երբ մենք հանդիպենք, ինքը կբերի այն փաստաթղթերը, որոնք կապացուցեն դա:
Երեկ, երբ մենք հանդիպեցինք, նա իսկապես ապացուցեց, որ 2011-ին կորցրել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը: Կարծում եմ՝ հիմա մեր հարաբերություններում ոչ մի խնդիր չկա»: