ՔԿԱԳ համակարգում ձևավորվում է մեկ պատուհանի սկզբունքը
Կառավարությունը փոփոխություն է կատարել «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» որոշման մեջ:
Ըստ այդմ, առաջարկվում է ՔԿԱԳ պետական գրանցման վկայականի վրա զետեղել արագ արձագանքման կոդ («QR kod») կամ հսկիչ համարանիշ, որը հնարավորություն կտա համացանցի միջոցով ստուգել ՔԿԱԳ պետական վկայականի իսկությունը, ինչը կհանգեցնի վարչարարության նվազեցմանը:
«Ինչպես գիտեք, մենք ստեղծել ենք էլեկտրոնային համակարգ, որպեսզի ունենանք մեկ միասնական շտեմարան, հյուպատոսական հիմնարկները ևս կցված են այդ շտեմարանին, որպեսզի այդ ամենը տեղի ունենա ինքնաշխատ: Որպեսզի սա նաև հնարավորություն ընձեռի հեշտացնել այլոց կյանքը, մենք նախատեսում ենք, որ վկայականների վրա տեղադրվելու է QR kod-ը, ինչպես նաև 16-անիշ կոդը: Մարդիկ կարող են ստուգել ցանկացած փաստաթղթի իսկությունն Արդարադատության նախարարության վերիֆիկացիայի կայքում՝ ձեռքով մուտքագրելով 16-անիշ կոդը, կամ էլ օգտագործելով QR kod-ը կարդացող ցանկացած ծրագրային ապահովում, որը կարող է միանգամից ստուգել փաստաթղթի իսկությունը: Մենք շարունակելու ենք աշխատանքները, որպեսզի ձևավորվի մեկ պատուհանի սկզբունքը ՔԿԱԳ համակարգում»,- ասել է Դավիթ Հարությունյանը:
Ըստ հիմնավորման՝ 2018 թ. մայիսին նաև իրականացվելու է քաղաքացիական կացության ակտերի միասնական էլեկտրոնային համակարգի համակցումը «էլեկտրոնային հյուպատոս» համակարգին, որի շրջանակում օտարերկրյա պետություններում հյուպատոսական հիմնարկները քաղաքացիական կացության ակտային գրանցումները կատարելու են e-civil համակարգում: