
«24.7 միլիարդի կարգի տնտեսում ենք ունեցել». Վարդան Արամյան

«2017թ. գրանցել ենք 4.8 տոկոս պակասորդ ՀՆԱ-ի մեջ»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը։
«ՀՀ կառավարությունը 2017-ի բյուջեի մասին օրենքով ամրագրված ցուցանիշների համեմատ` ընթացիկ ծախսերի մասով շուրջ 24.7 միլիարդի կարգի տնտեսում է ունեցել»,- ասաց Արամյանը՝ ընդգծելով, որ փոխարենը՝ շուրջ 48 միլիարդի չափով կապիտալ ծախսերի գծով աճ է գրանցվել։
Վարդան Արամյանը նշեց, որ 2017-ին արձանագրում են, որ կապիտալ ծախսերի մասով ավելի ագրեսիվ են եղել, իսկ ընթացիկ ծախսերի վերաբերյալ էլ՝ ավելի պահպանողական:
«Բյուջեի օրենքով սահմանված 1 տրիլիոն 135 միլիարդ հարկային եկամուտների ծրագիրը գերակատարվել է, մենք հավաքագրել ենք 1 տրիլիոն 156 միլիարդ հարկային եկամուտներ»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում ամենալավ մակրոտնտեսական ցուցանիշներն է գրանցել 2017թ.։