
Ֆրանսիայում ռոբոտները հիվանդ երեխաներին օգնում են ներկա լինել դպրոցական պարապմունքներին

Ֆրանսիայում անցկացվում է դպրոցական պարապմունքներին հիվանդ երեխաների վիրտուալ ներկայության ապահովման համար ռոբոտների կիրառման՝ աշխարհում առաջին ընդգրկուն գիտափորձը: Այս մասին հայտնել է AFP գործակալությունը:
Հեռակառավարվող ռոբոտը տեղաշարժվում է անիվային հիմքի միջոցով, որի վրա նաեւ տեղակայված են հեռուստախցիկը, միկրոֆոնները, դինամիկները եւ դիսփլեյ-էկրանը:
Այս տեխնոլոգիայի միջոցով այն երեխաները, որոնք հիվանդության պատճառով չեն հեռանում տնից կամ հիվանդանոցից, կարող են դասարաններում ներկա գտնվել պարապմունքներին, ինչպես աեւ հասակակիցների հետ շփվել դասամիջոցներին:
Մասնագետների կարծիքով՝ գիտափորձը բարերար է ազդում առաջին հերթին այն դեռահասների վրա, որոնք տառապում են լուրջ հիվանդություններով պայմանավորված մենակությունից: ԱՄՆ-ի Suitable Technologies ընկերության ռոբոտից առաջիններից մեկն օգտվել է Ալիսիա անունով աղջիկը:
Ֆրանսիացի աղջիկը դուրս չի գալիս Բուրք ան Բրես քաղաքի հոսպիտալի մանրէազերծված հիվանդասենյակից ծանր հիվանդության պատճառով: Սակայն ռոբոտի օգնությամբ նա ոչ միայն դպրոց է հաճախում, այլեւ տեսակցում է ընտանիքի հետ:
Մեքենան տեղաշարժվում է տնով մեկ, ինչն Ալիսիային թույլ է տալիս հաճախակի շփվել ծնողների եւ քրոջ հետ: Այդ նույն քաղաքում Լիդի անունով աղջիկը, որը տառապում է ասթմայով, դպրոցում հաճախում է մի քանի դասերի, մնացած պարապմունքներին նրան փոխարինում է ռոբոտը: Դա աղջկան թույլ է տալիս թուլացնել ասթմայի նոպաները, որոնք առաջանում են տնից դուրս գտնվելու ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: