Փողոցը վերջնագիր է ներկայացրել համակարգին

Հարցազրույց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ

– Պարոն Բադալյան, վերջին օրերին տեղի ունեցող գործընթացը կարծես կարգավորման հուն էր մտնում, սակայն կրկին փոխվեց իրադրությունը, փոխվեց «մերժիր Սերժին» կարգախոսը։ Այժմ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը խոսում է արտահերթ ընտրությունների մասին, իսկ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կբոյկոտեն արտահերթ ընտրությունները, պետք է ժողովրդի հաղթանակն արձանագրվի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը։

– Քանի որ ապրիլի սկզբին սկսված գործընթացն ուղղված է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև՝ նրա ամբողջ թիմակցիների դեմ, բնականաբար, ապրիլի 24-ին հասկանալի պատճառներով դադարեցին բողոքի գործողությունները, իսկ հիմա շարունակվում են, որովհետև այս գործընթացի նպատակը խիստ է դրվել, դա միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը չէ, խնդիր է դրված Հանրապետականին իշխանությունից ամբողջովին հեռացնելու։

Իսկ դրա համար պետք է փոխվի իշխանությունը, որովհետև պարզ չէ՝ արտահերթ ընտրությունները ո՞ր Ընտրական օրենսգրքով են անցկացվելու։ Եթե վարկանիշային համակարգը մնալու է, բնականաբար, այդպիսի ընտրություններ ուղղակի տեղի չեն ունենա, որովհետև Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ոչ միայն տեղամասերը կշրջափակեն, այլև այլ գործողություններ կիրականացնեն՝ թույլ չտալու համար նման ընտրությունների անցկացումը։ Սա՝ մեկ։

Կարդացեք նաև

Երկրորդ՝ արտահերթ ընտրություններ տեղի ունենալու համար պետք է Հանրապետականի ամբողջ համակարգը չկարողանա այդ ընտրություններն օգտագործել իր վերարտադրման համար՝ այս պահի դրությամբ՝ առանց Սերժ Սարգսյանի։

Բնականաբար, պետք է գործադիր իշխանությունն ամբողջովին փոխվի, այդ թվում՝ մարզպետները, և այլն, որպեսզի Հանրապետականը չկարողանա օգտագործել այդ լծակները։ Այդ նպատակին հասնելու համար Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները սկսել են նորից այս գործողությունները՝ մինչև վերջ հասցնելու համար։ Նպատակը մեկն է՝ Հայաստանում քաղաքական համակարգի ամբողջովին վերաֆորմատավորում։

– Թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում կոչեր են հնչում հարցը խաղաղ, Սահմանադրության շրջանակներում կարգավորելու համար։ Ո՞րն է սահմանադրական լուծումը։

– Հասկանալի է, սահմանադրական լուծումն այն է, որ զինված բախումներ չլինեն, ինչպես ուկրաինական Մայդանում տեղի ունեցավ, այսինքն՝ ամեն ինչ օրենքի համաձայն տեղի ունենա։ Սահմանադրությամբ հանգիստ կարող են Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրել, որից հետո էլ, հավանություն տալով նրա ծրագրին, լուծումներ գտնել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց մինչ այդ ընտրությունները փոխելով Ընտրական օրենսգիրքը։

– Փաշինյանն ասում է, որ Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել՝ իրենք ինչ են ասում, և, որ ժողովրդի կողմից հավանության արժանացած վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում։ Սա ի՞նչ տարընթերցում է։

– Ոչ մի տարընթերցում էլ չկա, երկուսն էլ գերազանց հասկանում են՝ քաղաքական գործընթացները որ ուղղությամբ են գնում։ Կարեն Կարապետյանը շատ լավ գիտի՝ եթե վարչապետ է դառնում Նիկոլ Փաշինյանը, փոխում է Ընտրական օրենսգիրքը, և ընտրություններ են տեղի ունենում, ապա հավանականությունը գրեթե 100% է, որ Հանրապետական կուսակցությունը, չունենալով վարչաֆինանսական ռեսուրսներ օգտագործելու հնարավորություն, ուղղակի խորհրդարան չի անցնի։

Սա կարելի է 100% ասել, որովհետև անցած տարվա ապրիլի 2-ին տեղի ունեցած միջոցառումը ցույց տվեց, որ Հանրապետականն իր ձայները ստացավ միայն վարկանիշային համակարգի շնորհիվ, ըստ էության՝ փող բաժանելու արդյունքում։ Եթե այդ գործընթացը տեղի չի ունենում, բնականաբար, Հանրապետականը չի անցնում ԱԺ, և այդ դեպքում հենց Կարեն Կարապետյանի քաղաքական ճակատագիրը Հայաստանում դառնում է խիստ հասկանալի, այսինքն՝ նա դուրս է մնում քաղաքական համակարգից։ Սա շատ լավ հասկանում է Կարեն Կարապետյանը։

Միաժամանակ՝ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ, եթե հանրապետականները փորձեն եղած պայմաններով իրենց ուզած ձևով ընտրություններ անցկացնել, ապա շատ հանգիստ կարող է վերականգնվել այն, ինչ եղավ ապրիլի 2-ին։

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, պահելով կուսակցության ղեկավարի պաշտոնը, կարող է փորձել անուղղակի, ստվերային ձևով ղեկավարել իշխանությունը, և Կարեն Կարապետյանը մնա վարչապետ։

Կստացվի, որ ապրիլի 23-ի ամբողջ հանգուցալուծումը նրա համար էր, որ Սերժ Սարգսյանը գնա, Կարեն Կարապետյանը գա։ Իսկ նպատակը դա չէր, նպատակը ՀՀ քաղաքական համակարգի վերաֆորմատավորումն էր, և երկուսն էլ շատ լավ հասկաում են՝ ինչ է նշանակում՝ բանակցել, ու ինչ պայմաններով պետք է բանակցել, ուղղակի յուրաքանչյուրն իր նպատակներն ունի։ Սա է խնդիրը։

– Այսինքն՝ իրադրության լուծման միակ ճանապարհն այն է, որ նախ՝ ԱԺ-ն ընտրի վարչապետ, փոխվի Ընտրական օրենսգիրքը, նոր միայն անցկացվեն ընտրությունններ։

– Այո, ԱԺ-ն ընտրի ոչ միայն վարչապետ, այլև նշանակվի կառավարության նոր կազմ, փոփոխվի Ընտրական օրենսգիրքը, միաժամանակ՝ այդ ընթացքում փոխելով մարզպետներին, փոխմարզպետներին, այսինքն՝ Հանրապետականին զրկելով վարչական ռեսուրսից։ Ինչպես նաև պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի փոփոխություն, այսինքն՝ բոլոր այն օղակները, որոնք նպաստում էին ՀՀԿ-ի վերարտադրմանը, դրանք փոխելուց հետո պետք է անցկացնել ընտրություններ։

Այդ դեպքում ՀՀԿ-ն չի անցնի, կանցնեն այլ ուժեր, և խորհրդարանի նոր պատկեր կունենանք։ Այս դեպքում ՀՀԿ-ն շատ երկար ժամանակով կվերածվի մարգինալ մի կառույցի, ՀՀԿ խմբակցության ամբողջ կազմն այլևս խորհրդարանում չի հայտնվի, իսկ վերադառնալը շատ դժվար կլինի։ Ու նրանք դա հասկանում են։ Երկու կողմն էլ հասկանում է՝ ինչի մասին է խոսքը, երկուսն էլ ուզում են բանակցություն, սակայն՝ իրենց պայմաններով։ Եվ այստեղ խնդիրն այն է, թե ում նժարն ավելի ծանր կլինի։ Այս պահի դրությամբ փողոցի նժարն ավելի ծանր է։

– Կարեն Կարապետյանը խոսել է դիկտատուրայի, թելադրանքի մասին։

– Դիկտատուրայի հարց չկա, ուղղակի նա հասկանում է, որ վերջնագրային լեզվով են իր հետ խոսում, իրեն դուրս են մղում քաղաքական համակարգից, իսկ դրանից դուրս ինքը Հայաստանում անելիք չունի, գուցե կարողանա վերադառնալ «Գազպրոմ Արմենիա», բայց քիչ հավանական է։ Այսինքն՝ ինքը քաղաքականապես զրոյացվում է՝ Հանրապետականի հետ միասին։ Այսինքն՝ փողոցը վերջնագիր է ներկայացրել համակարգին։

– Այդ դեպքում բանակցությունների ձևաչափը պատճառ բերելն ու դրանք հետաձգելու նպատակը ո՞րն է, ժամանա՞կ են ձգում։

– Այդ կերպ իշխանական համակարգը փորձում է ինչ-որ լուծումներ գտնել, որովհետև այս պահի դրութամբ նրանք լուծումներ չեն գտնում, Երևանում կրկին զանգվածային ցույցեր են տեղի ունենում, և կրկին կազմալուծվել է ամբողջ տնտեսական համակարգը։

Մեկ այլ լուրջ խնդիր կա, որ, եթե Սերժ Սարգսյանն ամբողջ Հանրապետականում բոլորի կողմից ընդունվում էր, ապա Կարեն Կարապետյանը չի ընդունվում։ Եվ այդ համակարգն այս կարճ ընթացքում փորձում է նոր ղեկավարներ գտնել, այսինքն՝ ՀՀԿ-ում սկսվել են շատ ուժեղ խլրտումներ, և հայտնի չէ, թե դրանք ուր կհասցնեն։

Դրա համար փորձում են ժամանակ ձգել, փորձում են այդ հարցը լուծել, ամեն գնով արտահերթ ընտրությունների միջոցով վերականգնվել։ Հասկանալի է նրանց նպատակը։ Ավտորիտար բոլոր երկրներում էլ, երբ ղեկավարող ուժը զրկվում է իշխանությունից, փորձում է ամեն գնով պահպանել այն՝ հասկանալով, որ, եթե զրկվեցին, երկար ժամանակով են զրկվելու։ Այդ մեթոդաբանությունը հասկանալի է, ուղղակի տվյալ պահին չի աշխատում, ուշացել է։

– Այսինքն՝ այդ ձգձգումը փողոցի վրա չի՞ ազդի և բողոքի ալիքը չի՞ թուլանա։

– Ժամանակի ձգձգումն անիմաստ է, դա արդեն ազդեցություն չի ունենա փողոցի վրա։

Տեսանյութեր

Լրահոս