
ՉԺՀ-ի ոստիկանությունը 600 համակարգիչ է առգրավել բիթքոինների մայնինգի համար. «Սինհուա»

Չինաստանի Տյանցզինի (երկրի հյուսիս) մունցիպալիտետի ոստիկանությունը քաղաքում էլեկտրականության սպառման արտասովոր բարձր մակարդակի վերաբերյալ տեղական էլեկտրացանցի դիմումից հետո առգրավել է 600 համակարգիչներ, որոնք օգտագործվում էին բիթքոինների մայնինգի համար: Ապրիլի 25-ին այս մասին հայտնել է«Սինհուա» գործակալությունը:
Ձերբակալվել է մեկ կասկածյալ, եւս հինգը գտնվում է հետաքննության տակ: Ինչպես նշում են կարգի պահապանության մարմինները, դա «էլեկտրականության գողության ամենախոշոր դեպքն է վերջին տարիների ընթացքում»: Էլեկտրացանցի ընկերության խոսքով՝ էլեկտրականության սպառման սովորական մակարդակը 28 տոկոսով աճել է:
Բիթքոինների մայնինգն էներգատար գործընթաց է, որի իրականացման համար անհրաժեշտ են բարձրարտադրողական համակարգիչներ: Կարգի պահապանության մարմինների գնահատմամբ՝ 600 այդպիսի մեքենաներն էլեկտրականությամբ ապահովելու համար ամսական մի քանի հարյուր հազար յուան է պահանջվում (1 դոլարը կազմում է շուրջ 6,3 յուան):
2017 թվականի սեպտեմբերին ՉԺՀ-ի Ժողովրդական բանկը կայացրել է որոշում, որի համաձայն Չինաստանի ընկերություններին արգելված է ներդրումներ կատարել գաղտնարժույթով: Չնայած ֆինանսական կարգավորիչի գործողություններին, երկիրը նախկինի պես աշխարհում գաղտնարժույթի հանգուցային շուկաներից մեկն է: 2017 թվականի պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում է գտնվում աշխարհի մայնինգային կարողությունների շուրջ 80 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: