
«Բոլոր առողջ ուժերին կոչ եմ անում այս պահին կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին». Հրանտ Վարդանյան

Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերն ավարտվեցին վարչապետի հրաժարականով, սակայն արդեն այսօր փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի չկայացած երկխոսության ֆոնին հանրապետությունում կրկին լարված մթնոլորտ է:
Այս պահին հանրապետության տարբեր հատվածներում, ինչպես նաև Երևանում վերսկսվել են խաղաղ անհնազանդության ցույցերը, միաժամանակ՝ Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ գրասենյակի մոտ մեծ թվով ոստիկանական զորքեր են տեղակայված: Քիչ առաջ այստեղ բերվեցին նաև փշալարերի մեքենաները, ռազմական և այլ ոստիկանական տեխնիկա: Ոստիկանները շրջափակել են կառավարության շենքը:
168.am-ի հետ զրույցում ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ստեղծված իրավիճակի վերաբերյալ ասաց. «Բոլոր առողջ ուժերին կոչ եմ անում այս պահին կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին, շարունակել խաղաղ անհնազանդության պայքարը և հետևել Նիկոլ Փաշինյանի հայտարարած օրակարգին»:
Նվարդ Մանվելյան