«Իրանի հետ միջուկային գործարքը պետք է պահպանվի». Մոգերինի
Իրանի հետ միջուկային գործարքը գործում է եւ պետք է պահպանվի՝ ինչ էլ որ լինի: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու Սիրիայի համար դոնորների միջազգային խորհրդաժողովին, որը կազմակերպել են ԵՄ-ն եւ ՄԱԿ-ը։ «Կա Իրանի հետ միայն մեկ գործարք, միջուկային դոսիեի վերաբերյալ:
Այն գործում է ու պետք է պահպանվի»,-հայտարարել է Մոգերինին: Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի պաշտպանում Իրանի հետ համաձայնագրի չեղարկումը, բայց ցանկանում է սկսել նոր համաձայնագրի պատրաստման աշխատանքը: «Մի քանի ամիս շարունակ ես ասում եմ, որ դա անբավարար համաձայնագիր է, բայց որը, համենայն դեպս, մեզ օգնում է վերահսկողություն ունենալ միջուկային ակտիվության նկատմամբ:
Մենք կցանկանայինք սկսել աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնի խոսքով՝ նոր համաձայնագիրը կներառի չորս կետ. իրանական միջուկային ծրագրի արգելափակում մինչեւ 2025 թվականը, միջուկային ակտիվության ավելի երկարատեւ արգելք, Իրանի բալիստիկ ծրագրի դադարեցում եւ պայմանների ստեղծում տարածաշրջանի քաղաքական կայունության համար: