Թավշյա հեղափոխության երկրորդ արարը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունը Հ-ում դեռ չի ավարտվել. նախօրեին տեղի ունեցավ առաջին քայլը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Սակայն ՀՀԿ-ն այսօր շարունակում է մնալ իշխող կուսակցություն, ավելին՝ փորձում է ՀՀ-ում ամեն գնով պահպանել սեփական իշխանությունը:
Վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի հետ նախապես համաձայնեցված բանակցություններից:
Ուշ երեկոյան տարածած հայտարարության մեջ Կարապետյանն այս որոշումը մեկնաբանել է, թե Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ եւ հայտարարել բացառապես սեփական օրակարգի շուրջ բանակցությունների մասին: Փաշինյանն էլ արձագանքել է` նշելով, թե Ս. Սարգսյանի հրաժարականը փորձ է արվում օգտագործել ՀՀԿ իշխանությունը պահելու համար, հետեւաբար ինքը կսպասի ՀՀԿ-ականների զանգին։
«Եթե ոչ, առավոտից վերսկսում են բողոքի անհնազանդության գործողությունները»,- ասել է նա:
Տեղի ունեցածը միանգամայն սպասելի էր. ղարաբաղյան կլանը (հիշեցնենք՝ Կ. Կարապետյանը եւս ծնունդով ղարաբաղցի է) չի պատրաստվում հեշտությամբ զիջել իշխանությունը:
Նրանք ցանկանում են ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել Կ. Կարապետյանին վարչապետ նշանակելուց հետո: Այսինքն՝ կարեւոր է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ իշխանության ղեկին լինի ՀՀԿ-ն, այլ ոչ թե Ն. Փաշինյանը, ինչպես վերջինս պահանջել է բանակցային օրակարգն առաջադրելիս:
Սա իշխանությանը պետք է, որ ՀՀԿ-ն հնարավորություն ունենա կրկին օգտագործել վարչական եւ ֆինանսական ռեսուրսները: Միայն թե, նկատենք, իշխանությունների այս դիմադրությունը կարող է բողոքի է՛լ ավելի հուժկու ալիք առաջացնել, առավել եւս, երբ ընդամենը երկու օր առաջ ժողովուրդը տեսավ իր պայքարի արդյունքը. Ս. Սարգսյանը հրաժարական ներկայացրեց:
Հիմա Կ. Կարապետյանն է կանգնած համազգային ատելություն վաստակելու եւ նույնկերպ քաղաքական լուսանցք ճանապարհվելու շեմին:
Հ.Գ. Իսկ մինչ այդ օրակարգից դեռ դուրս չի եկել Կ. Կարապետյանի լեգիտիմության խնդիրը. արդյո՞ք նա բավարարում է Սահմանադրությամբ վարչապետի համար սահմանված պահանջներին, մասնավորապես Մոսկվայից եկած Կարապետյանն արդյո՞ք 4 տարի մշտապես բնակվել է ՀՀ-ում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: