Թավշյա հեղափոխության տնտեսական էֆեկտը

Ապրիլի 23-ին թավշյա հեղափոխությունը կայացավ։ Մեծամասամբ անցնցում և, կարևորը՝ առանց զոհերի։ Թե ինչպես կձևափոխվի պետական կառավարման համակարգը, ով ինչ պաշտոն կստանձնի, ինչ տնտեսական քաղաքականություն կորդեգրվի, կերևա առաջիկա շաբաթների ընթացքում։

Սովորաբար հեղափոխությունները, թեկուզ՝ թավշյա, ենթադրում են անորոշություն և բացասաբար են ազդում տնտեսության վրա։

Որոշ դեպքերում տնտեսությունը ենթարկվում է անգամ կոլապսի, որից երկար ժամանակ հնարավոր չի լինում ուշքի գալ։

Հուսով ենք, Հայաստանում դա չի լինի, և անգամ հակառակը՝ հեղափոխության ազդեցությունը կարող է դրական էֆեկտ ապահովել տնտեսության համար։

Քաղաքական ցնցումների նկատմամբ ամենազգայուն ցուցիչներից մեկը՝ դրամի փոխարժեքը, երեկ մնաց անփոփոխ։

Շատերին սա կարող է տարօրինակ թվալ, սակայն մի պարզ բացատրություն կա՝ սպասումները դրական են։ Փողոցներում ոչ թե քաոս էր ու անորոշություն, այլ՝ լավատեսությամբ լի իսկական տոնախմբություն։ Չզարմանաք, եթե այս պայմաններում դրամն անգամ որոշ չափով արժևորվի։

Սակայն որոշ կարևոր բաներ պետք է նկատի ունենալ։ Չափազանց կարևոր է
Կենտրոնական բանկին զերծ պահել քաղաքական փոփոխությունների ազդեցությունից։

ԿԲ-ն ապաքաղաքական կառույց է, պետք պահպանել նրա անկախությունը՝ ֆինանսական կայունության համար։

Երկրորդ, պետական ապարատը պետք է շարունակի բնականոն աշխատել՝ հարկային, մաքսային մարմիններ, Ֆիննախ և այլն։ Հարկերը պետք է հավաքագրվեն, թոշակները պետք էվճարվեն ժամանակին։ Այսինքն, չի կարելի ակնկալել և, առավելևս, պահանջել պետական համակարգի կտրուկ կադրային փոփոխություններ։

Իսկ հիմա՝ դրական էֆեկտի մասին։ Հսկայական դրական էներգետիկան կարելի է և պետք է կապիտալիզացնել՝ վերածել իրական տնտեսական աճի։ Արդեն նշեցինք, որ
տնտեսության զարգացման համար կարևոր են դրական սպասումները։

Երկրորդ, ամենակարևոր գործոններից մեկը վստահությունն է՝ պետության և
իշխանությունների նկատմամբ։ Նոր իշխանությունը, բնականաբար, հսկայական
վստահություն է ունենալու սկզբնական շրջանում։ Շատ ավելի կարևոր է՝ չմսխել այդ ռեսուրսը։

Քայլերի ճիշտ հերթականության դեպքում՝ անցնցում և առանց զոհերի այս
հեղափոխությունը, անկասկած, բարձրացնելու է Հայաստանի հեղինակությունը։

Կարող է զարմանալի թվալ, բայց այս իրադարձությունը կարող է չափազանց էֆեկտիվ PR դառնալ և նպաստել զբոսաշրջիկների ներհոսքի կտրուկ աճին։

Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ այս բոլոր գործոնների
համախումբը նպաստելու է նաև օտարերկրյա ներդրումների ներհոսքի աճին՝ իր բոլոր դրական հետևանքներով հանդերձ։

Միգուցե նշվածը չափից դուրս լավատեսական ու ռոմանտիկ է հնչում։ Սակայն
անիրական չէ ու պետք է ձգտել առավելագույնս օգուտ քաղել այս նոր իրականությունից։

Պետք է զգուշանալ չափազանցված սպասումներից. ոչ մի բան միանգամից չի լինում, հաջողություններն աշխատանք են պահանջում ու ժամանակ, դժվարություններն էլ
անխուսափելի են։

Սակայն պետք է գիտակցել, որ Հայաստանն իրական թռիչքային
զարգացման հնարավորություն է ստացել. այն ձեռքից բաց թողնելնը աններելի է։

Տեսանյութեր

Լրահոս