Բաժիններ՝

«Ոչ ոք այլևս չի կասկածում, որ երկիրն արմատական փոփոխությունների կարիք ունի». Կարինե Դանիելյան

«Ոչ ոք այլևս չի կասկածում, որ երկիրն արմատական փոփոխությունների կարիք ունի,- 168.am-ի հետ քննարկելով վերջին տասնօրյակի ներքաղաքական զարգացումները՝ նշում է բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը և հավելում՝ ինքը լիահույս է, որ դրանք իրապես կիրականանան»:

Առաջիկայում նախատեսվող փոփոխությունների համատեքստում Կարինե Դանիելյանն անչափ կարևորում է մասնագիտական կարծիքների ներգրավվածությունը.

«Որքան որ մենք փորձել ենք մեր ոլորտում բարձրացնել և ցույց տալ առկա հիմնախնդիրներն ու մատնանշել նաև դրանց լուծման ճանապարհները, միևնույն է, մեր ջանքերն ապարդյուն են անցել: Ես մեծ հույս ունեմ, որ նոր ընտրվող վարչապետը կամ նորընտիր նախագահն անպայման կկարևորեն անկախ փորձագետների խորհրդի դերն ու նշանակությունը, ազնվորեն ներկայացնելով ամենատարբեր ոլորտներում տիրող իրավիճակը և չվախենալով դրանց արձագանքներից:

Մեկ անգամ չէ, որ ես շեշտել եմ մեր երկրում առկա բնապահպանական խնդիրների վտանգավորության սահմանագիծը: Դրանցից մեկն էլ տեղի ունեցավ Հանրային խորհրդի վերջին նիստում, երկրում տեղի ունեցող վերջին ժամանակների իրադարձություններից օրեր առաջ:

Այդ նիստին ներկա էր նաև Սերժ Սարգսյանը, և, երբ ես նրան ներկայացրեցի մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության ահավոր ազդեցությունը, նա այնպես բարկացավ, այնպիսի կոնֆլիկտ ստեղծվեց, որն անկեղծորեն չէի սպասում: Արդյունքում՝ հնչեցված փաստարկներից և որևէ մեկն ինքը չընդունեց, ու մենք ուղղակի բաժանվեցինք մեծ կոնֆլիկտով:

Նման մոտեցումները պետք է բացառվեն, մարդիկ պետք է կարողանան բաց քննարկել երկրի առաջև ծառացած բոլոր տեսակի խնդիրները՝ անխտիր»:

Անդրադառնալով վերջին օրերի հեղափոխական տրամադրություններին և առաջիկայում նախատեսվելիք վարչապետական ընտրություններին՝ Կարինե Դանիելյանը նկատում է՝ նախընտրելի վարչապետի թեկնածու չունի, բայց այն, ինչ կատարվեց «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում, հիշեցրեց 1988-ի ոգին, թեև ամենադժվարինը՝ համակարգային լիարժեք փոփոխությունների պրոցեսը, դեռ առջևում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս