
Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել կառուցողական համագործակցությամբ և խաղաղ ճանապարհով. ՀԱՕԿ փոխնախագահները հանդես են եկել հայտարարությամբ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահներ Դերենիկ Գաբրիելյանը և Հոկսեն Միրզոյանը այս օրերին Երևանում և հանրապետություն այլ քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն են հանդես եկել:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Չենք կարող անտարբեր լինել այս օրերին մայրաքաղաք Երևանում և հանրապետության տարբեր քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Անշուշտ, Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Խնդիրներ, որոնց հաջողությամբ հաղթահարումն էականորեն պայմանավորված է հասարակության բոլոր շերտերի ակտիվ, համակողմանի ու արդյունավետ ներուժի համադրմամբ՝ ուղղված հանրային կյանքի տարբեր ոլորտներում տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների լուծմանը: Համոզված ենք, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել բացառապես միասնական ուժերով, կառուցողական համագործակցությամբ և խաղաղ ճանապարհով:
Ստեղծված իրավիճակը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ուստի կոչ ենք անում կառուցողական շփումներով սկսել արդյունավետ համագործակցության մթնոլորտի ձևավորումը՝ ծավալելով կառուցողական երկխոսություն և ձևավորելով փոխվստահության մթնոլորտ:
Վստահ ենք, որ հանրության քաղաքացիական անհնազանդություն հայտարարած շերտերը սթափ կգիտակցեն հնարավոր մարտահրավերների առաջացման վտանգը, իսկ իշխանական կառույցները խելամիտ զիջումների միջոցով հնարավորություն կստեղծեն հարթել ստեղծված պայթունավտանգ իրավիճակը՝ գործելով բացառապես ի բարօրություն Հայաստանի, Արցախի և ի սփյուռս հայության այսօրվա և վաղվա օրվա»:
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ՝
Դերենիկ Գաբրիելյան,
Օլիմպիական չեմպիոն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ՝
Հոկսեն Միրզոյան»: