«Ըստ էության դա վերջնագիր էր, որն իշխանությունները, բնականաբար, չէին կարող ընդունել»
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների գնալը քայլ էր, որպեսզի կրքերը հանդարտվեին: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ես կարծում եմ, որ այն դիրքորոշումը, որով այս ցույցերի ղեկավարը մոտեցավ բանակցությունների սեղանին՝ բանակցությունների տեղ չէր տալիս: Ըստ էության դա վերջնագիր էր, որն իշխանությունները, բնականաբար, չէին կարող ընդունել: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ, իսկապես, բողոքի ցույցերի և զանգվածայնությունը, և քաղաքական ուժերի ներկայությունն ու մասնակցությունն այդ ամենին թույլ չի տալիս ենթադրել, որ հասարակությունը իրոք դեմ է գործող իշխանությանը»,- նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ սա քայլ էր իշխանությունների կողմից՝ կրքերը հանդարտեցնելու և հասկացնելու Փաշինյանին և նրա կողմնակիցներին, որ կարելի է երկխոսության միջոցով լուծել խնդիրները:
«Կարծում եմ, որ այս գործընթացի տրամաբանական շարունակությունը կլինի այն, որ օրենքի շրջանակում Երևան քաղաքի հասարակական կարգը կվերականգնվի»,-ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: