«Արտագաղթել է նաև իմ որդին. իսկ ի՞նչ աներ, եթե այս երկիրն իրեն ու իր նման շատ-շատերին պարզապես չգնահատեց». Սաշուր Քալաշյան
Երևանի փողոցներում և հանրապետության մարզերում ավելի քան մեկ շաբաթ շարունակվում է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքները, որ ոտքի է հանել հազարավոր ցուցարարների, հատկապես՝ երկրի երիտասարդ սերուցքին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին հանդես եկավ երկխոսության կոչով՝ բանակցային սեղանի շուրջ հրավիրելով «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդներին:
Այսօր կարճատև այցով Հայաստան էր ժամանել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ով նախագահի և վարչապետի հետ ունեցած հանդիպումների ընթացքում իր մտահոգություններն էր հայտնել օրեր շարունակ հանրապետությունում ընթացող անհնազանդության զանգվածային միջոցառումների՝ հավաքների, երթերի և առհասարակ՝ ստեղծված իրավիճակի և դրա հնարավոր անցանկալի հետևանքների կապակցությամբ:
Այս օրերին երկրում զարգացող իրողությունների, ինչպես նաև հնչեցված երկխոսության առաջարկի վերաբերյալ 168.am-ը լսեց նաև ճարտարապետ Սաշուր Քալաշյան դիրքորոշումը: Կընդունի՞ արդյոք հանրահավաքներ ու երթեր անցկացնող ընդդիմությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերը և կգնա՞ արդյոք երկխոսության սեղանի շուրջ քննարկելու իրեն անհանգստացնող խնդիրների լուծման տարբերակները: Սաշուր Քալաշյանը դժվարանում է պատասխանել.
«Թե որքանո՞վ է իրատեսական երկխոսության կայացումը, կարող են պատասխանել միայն շարժման նախաձեռնողները: Ես նման կանխատեսում անել չեմ կարող: Անձամբ ես ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միայն շարժման հարթակից հնչող պահանջի բավարարմամբ՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Ի վերջո, կկայանա՞ երկխոսություն, թե՞ ոչ, այս շարժումը պետք է ավարտվի նրանով, ինչ արդեն ասացի: Ստեղծվել է համազգային անհնազանդության մի իրավիճակ: Սա չի կարող այլ լուծում ունենալ, քան երկրի առաջին դեմքի հրաժարականն է, իսկ թե նրանից հետո ո՞վ կլինի, սա արդեն երկրորդ կարևորության լուծում պահանջող հարցն է»:
Անդրադառնալով նրան, որ ցուցարարների ստվար զանգվածը հենց երիտասարդ սերունդն է, Սաշուր Քալաշյանը նկատում է.
«Ես հավանություն եմ տալիս և ողջունում եմ բոլոր երիտասարդներին, ովքեր դուրս են եկել հրապարակ և հանդես են գալիս իրենց իրավունքների պաշտպանությամբ, այսպիսով՝ նաև իրենց ապագա խնդիրների լուծմամբ: Այսպես թե այնպես, ցանկացած խնդիր, որ դրվում է օրակարգում, միտված է երիտասարդների բարօր ապագայի համար: Ո՞վ չգիտի, որ մեր երկրում համատարած արտագաղթ է, և արտագաղթի ճանապարհը բռնում է հիմնականում հենց երիտասարդ սերունդը, ցավալիորեն, որպես կանոն, նրանցից ամենալավերն ու մեր երկրի ապագա զարգացման համար ամենապահանջվածները: Արտագաղթել է նաև իմ որդին, նա դրսում է, իսկ ի՞նչ աներ, եթե այս երկիրն իրեն ու իր նման շատ-շատերին պարզապես չգնահատեց»:
Խոսելով այս օրերին Հայաստան այցելած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի մասին՝ Ս. Քալաշյանն ընդգծում է.
«Ես ողջունում եմ իր գալուստը, որովհետև դա երկրի, պետության և ժողովրդի շահերից բխող քայլ է: Միաժամանակ կարծում եմ, որ դա պարտադրված քայլ էր: Մեր երկրի համար վճռորոշ այս օրերին ոչ միայն նա պետք է գար, այլև բոլորը, բոլորն ուղղակի պետք է հավաքվեն, որ խելք խելքի տանք՝ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում այս օրերին մեր երկրի ներսում, և ո՞ւր է տանում այն, ինչ կատարվում է: Դուք հարցնում եք երկխոսության հնարավոր տարբերակների մասին, ես պատասխանում եմ՝ չի բացառվում, որ Արամ Ա կաթողիկոսի այցը պայմանավորված է հենց այդ երկխոսությունն իրական դարձնելու ակնկալիքով, սակայն դեռ հայտնի չէ, թե ովքե՞ր կնստեն երկխոսության սեղանին՝ ընդդիմությունն իշխանության հե՞տ, թե՞ իշխանությունն ինքն իր ներսում՝ լուծելով Սերժ Սարգսյանի պաշտոնին մնալու նպատակահարմարությունը»: