«Քիչըմ որ չափավոր գռփեիք, էսքան պատմություն կլինե՞ր». Գյումրու բնակիչ
Գյումրիում Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությունը լայն արձագանք է գտել: Հանրապետությունում առկա սոցիալական վատ վիճակը, անարդարությունները, արտաքին քաղաքական հիմնախնդիրների չլուծված լինելը մարդկանց դրդում են փողոց դուրս գալ:
Տարեցներից Վազգեն պապը մեզ հետ զրույցում նշեց, որ կարևորը ստեղծված վիճակից Հայաստանին շուտափույթ դուրս բերելն է, այլապես վաղն ուշ կլինի:
Ըստ Վազգեն պապի, Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումից հետո մեր իշխանություններից միայն այն ենք լսում, որ մեր հանրապետությունը նորաստեղծ է, և անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի երկիրը կայուն զարգանա:
«Նման խոսքեր մենք լսում ենք արդեն 20 տարուց ավելի, մինչդեռ այս ժամանակահատվածը բավարար էր, որպեսզի մենք ո՛չ միայն տնտեսապես զարգանայինք, այլև կարողանայինք ապահովել Սփյուռքից ներգաղթ դեպի Հայաստան: Մինչդեռ ընդհակառակը. վիճակը գնալով վատանում է, արտագաղթն էլ՝ շատանում: Հետաքրքիր է, թե նման տեմպերով, ի վերջո, մենք ո՞ւր ենք հասնելու: Եթե մեր երկրի բնակչությունը պակասում է, ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր հայրենիքն արտաքին թշնամիներից: Մի՞թե արդեն լճացած իշխանություններն այս ամենը չեն պատկերացնում, որ ամուր կառչել են իրենց աթոռներից և չեն ուզում իրենց իշխանությունը որևէ մեկին զիջել:
Սա նշանակում է, որ իրենց միայն փողն է հետաքրքրում, ոչ թե Հայաստանից արտագաղթողների ճակատագիրը կամ սոցիալական վատ վիճակը, որն առկա է Հայաստանում: Մեղմ ասած՝ թքած ունենան ամեն ինչի վրա»,- ասում է նա:
Մեր մեկ այլ զրուցակցի՝ Աստղիկ Գևորգյանի խոսքով, լինելով 4 երեխաների մայր, ինքը դժվարությամբ է կարողանում աշխատանք գտնել, ուստի ցանկանում է, որպեսզի իշխանափոխություն լինի, քանի որ այս իշխանություններն իրենց գործունեության ընթացքում իրենց չեն արդարացրել:
«Հո չե՞նք կարող անընդհատ նստել և լաց լինել: Ժողովուրդն ինքը պետք է նախաձեռնի, որպեսզի կարողանա երկրում իրավիճակը փոխել: Թեկուզ՝ խաղաղ, եթե չստացվի, նաև՝ բռնի մեթոդներով, զոհերի գնով պետք է իշխանություններին հեռացնել: Սա՝ այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը կամովին չհեռանա վարչապետի պաշտոնից: Ես չեմ կարծում, որ նրա վարչապետության տարիներին Հայաստանում դրական փոփոխություններ լինեն: Նա մի շարք խոստումներ է տվել՝ չիրագործելով դրանք. Ներառյալ՝ Գյումրիում անօթևանության հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, երբ նշել էր, թե մինչև 2013 թվականը Գյումրիում այլևս անօթևաններ չպետք է լինեն: Հիմա Գյումրիում միայն հյուրանոցային բիզնեսի զարգացման մասին են խոսում, որը մեզ աշխատատեղերով ապահովելու հեռանկարային ոլորտ չէ: Եթե ես էլ չեմ աշխատում, աշխատանք ունի ամուսինս, այն էլ՝ Ռուսաստանի Դաշնությունում, ապա ինչպե՞ս է հնարավոր շարունակել այս կերպ ապրել, հատկապես, երբ Հայաստանում գործազրկության բարձր մակարդակի պատճառով ընտանիքներն են բաժան-բաժան լինում: Տարիներ շարունակ ընտանիքի հայրերը Ռուսաստանում են գտնվում, իրենց ընտանիքներին կարոտ են մնում:
Չարքաշ աշխատանքը վատ ազդեցություն է թողնելու նաև մեր սերունդների վրա, եթե այսպես շարունակվի: Այսօր անգամ հայ կանայք են 12 ժամից ավելի աշխատում Ռուսաստանում: Փոխվում է մեր գենոֆոնդը, արտաքին տեսքը, և այս ամենն արդյունք է երկար և տանջալից, շատ հաճախ՝ երկրորդական բնույթի աշխատանքների:
Շատերն էլ, ովքեր մասնագիտական բարձր որակավորում ունենալով՝ ԽՍՀՄ տարիներին իրենց սիրած աշխատանքով են զբաղվել, հիմա հնարավորություն չունեն Հայաստանում կիրառել իրենց մասնագիտությունները, քանի որ դրանց պահանջարկը պարզապես չկա: Կոչ եմ անում իշխանություններին, կա՛մ արագ կերպով՝ 1-2 տարվա մեջ քայլեր ձեռնարկել Հայաստանում սոցիալ-տնտեսական դրությունը բարելավելու համար, կա՛մ հրաժարական տալ»,- նշում է Աստղիկ Գևորգյանը:
Մեր մեկ այլ զրուցակից պնդում է, թե ժամանակը, տարիները ցույց տվեցին, որ մենք անկախ չենք կարողանում ապրել, մենք ուղղակի գոյատևում ենք, հագեցած ներքին և արտաքին հիմնախնդիրներով, որոնցից ձերբազատվել չենք կարողանում:
«Այս իշխանություններից ազատվելու ժամանակը վաղուց էր եկել: Սակայն մենք այն ժողովուրդը չենք, որ կարողանանք ցույցերը և երթերը նպատակային իրականացնել: Նախ՝ երբեմն ցուցարարները նաև անհնազանդություն պետք է դրսևորեն: Եվրոպական երկրներում ևս ցուցարարները խաղաղ չեն լինում: Ինչ-որ նպատակի հասնելու համար անհրաժեշտ է ակտիվ լինել»,- իր կարծիքն է արտահայտում գյումրեցի երիտասարդներից Համիկ Մարտիրոսյանը:
Չնայած իր երիտասարդ տարիքին, վերջինս պարզ նկատում է ընդդիմադիր ուժերի ոչ միաբան լինելը, ինչն ընդդիմադիրներին միշտ անհաջողություն է բերում:
Հանրապետությունում տեղի ուեցող վերջին զարգացումների վերաբերյալ գյումրեցի Լիլիթ Աղեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այ մարդ, մտածում ես, թե չէիր կարող երկրին նորմալ տեր լինել, վարդի պես պահել, ի՞նչ է եղել: Եթե մի քանի հոգի կարող են ինքնաբավ ապրել հենց այս երկրում, միլիոններ դիզել, ինչո՞ւ իրենց փորձը նկատի չառնել ու ազգը նորմալ պահել: Չէ՞ որ դուք ասում եք, որ իրենք մաքուր են կուտակել փողերը, ուրեմն, կա չէ՞ էդ փողը, հնար կա, չէ՞: Սպես լավ է՞, որ սաղ ազգն ատում է իշխանություններին ու ղեկավարին:
Քիչըմ որ չափավոր գռփեիք, կոռուպցիան նվազեցնեիք, արդարադատության համակարգը շտկեիք, մարդկանց թոշակ-աշխատավարձը բարձրացնեիք, հայ մարդուն ոտնակոխ չանեիք սեփական երկրում, էսքան պատմություն կլինե՞ր: Ու ամենասարսափելին այն է, որ երկիրը լավը դարձնելու բոլոր ռեսուրսները կան, չկա միայն ղեկավարը, ով կսիրի Հայաստանը, իր հայրենիքը, ժողովրդին, որին չի ուղարկի մսաղացի մեջ: Լա՞վ է, որ քո երկրի ջահելները ոտքի են ելել, լա՞վ է, որ մարդիկ ուզում են, բայց ուժ չունեն ջահելների կողքին կանգնելու»:
Գյումրեցի Հասմիկ Սարգսյանի կարծիքով էլ՝ իշխանություններին չի հետաքրքրում նոր Մարտի 1-երի կրկնության հավանականությունը, իրենք ամեն պահի պատրաստ են ճնշել խաղաղ ցուցարարներին, ոստիկաններին էլ որպես զենք են օգտագործում իրենց նպատակների համար:
«Լավ է լինել չքավոր, քան անպատիվ իշխանավոր: Ոստիկաններն ինչքան շատ մարդ բերման ենթարկեն, այնքան հեղափոխականների թիվը շատանալու է: Բողոքի ակցիաներին անչափահասներին քննադատողները գիտեն, որ նրանց ծնողների մեծ մասը Ռուսաստանում քրտնաջան աշխատում է, և իրենց ծնողների վաստակածը վայելում են մեծահարուստները, որոնք բարձր իշխանավորներ են»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանը:
Մեր մեկ այլ զրուցակից՝ Կարապետն էլ նշում է, թե իրեն չի հետաքրքրում քաղաքականությունը, այլ այն, որ Հայաստանի վաղվա ապագան է մշուշոտ:
«Ես իմ երկիրը շատ եմ սիրում և չեմ ցանկանում այն լքել: Պարզապես սոցիալական վատ վիճակն է մարդկանց ստիպում այդ քայլին դիմել»:
Անահիտ Սիմոնյան