Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Անկարային C-400 ռուսական համալիրների մատակարարման նկատմամբ
Ռուսաստանը շանտաժ է համարում Թուրքիային C-400 ռուսական համալիրների մատակարարման նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը հայտարարել է, որ Անկարան ՌԴ-ից C-400 զենիթահրթիռային համալիրների գնումից հետո կարող է պատժամիջոցների տակ հայտնվել CAATSA-ի շրջանակներում:
«Միթչելի այն հայտարարությունը, թե Անկարան կարող է պատժամիջոցների տակ հայտնվել, եթե գնի C-400, դա հենց նման շանտաժի օրինակ է այն հաշվարկով, որ կհաջողվի անբարեխիղճ մրցակցություն ապահովել ամերիկյան ընկերությունների համար»,-ասել է Լավրովը:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն օրերս ասել է, որ C-400-ի գնման որոշումը Թուրքիայի ազգային որոշումն է: «Միացյալ Նահանգները՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, պետք է անսա հավաքական այն կարծիքին, որը հայտնում է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը: