«Մոսկվան հավատում է Սարգսյանների իմաստնությանը». Տարասով
«Հայաստանում ծավալվող իրադարձությունները երկարաձգվելու դեպքում կհեղինակազրկեն Հայաստանին միջազգային հանրության աչքում»,- այս մասին 168.am-ի հետ զրուցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության շուրջ իրականացվող գործողություններին:
Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Մոսկվան, ռուս ժողովուրդը, իհարկե, անհանգստացած է Երևանում տեղի ունեցող զարգացումներով: Նրա խոսքով՝ ՀՀ նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը չափազանց փորձառու քաղաքական գործիչներ են և կկարողանան խաղաղ եղանակներով լուծումներ գտնել:
«Վստահ եմ, որ նրանց թիմերն արդյունավետորեն կաշխատեն, որպեսզի Հայաստանում սկիզբ առած կոնֆլիկտը, քաղաքական ճգնաժամը կարգավորվի խաղաղ եղանակներով, ժողովրդավարական ճանապարհով՝ հանուն հայ ազգի բարօրության: Այդ գործիչները փորձառու են, քանի որ նախ՝ լուրջ ճանապարհ են անցել, և երկրորդ՝ կարողացել են ավարտին հասցնել սահմանադրական բարեփոխումները»,- ասաց Տարասովը:
Նա ասաց, որ, փաստորեն, սահմանադրական բարեփոխումների անցումային փուլից Փաշինյանի թիմը փորձեց օգտվել, կանխել Կառավարության ձևավորումը, վարչապետի ընտրությունները, ազդել իշխանության որոշումների վրա, հենց սկզբից թիրախավորել անձամբ Սերժ Սարգսյանին, թուլացնել նրան:
«Չգիտեմ, թե ինչի կհանգեցնի այս ամենը, բայց սա միջազգային հանրության աչքում կհեղինակազրկի Հայաստանին: Եթե մոտակա ժամանակահատվածում կողմերը չկարողանան լեզու գտնել ժողովրդավարական եղանակներով, երկրի միջազգային իմիջը կտուժի»,- ասաց Տարասովը:
Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՌԴ-ի դիրքորոշումը պարզ է: «Մոսկվան շնորհավորել է Սարգսյանին: ՀՀ-ն` Սերժ Ազատովիչը, մեր միակ ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում, մեր գործընկերը ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում: Մենք չունենք հիմքեր դժգոհելու նրանից, նա անկախ քաղաքականություն է վարում և Ռուսաստանի, և ԵՄ-ի հետ, և ԱՄՆ-ի հետ, Հայաստանը նորմալ ֆունկցիոնալ պետություն է, պարզապես կան պատմական, աշխարհագրական խնդիրներ, որոնք արտաքին խնդիրներ են ստեղծել և դրանք անդրադառնում են ներքին իրավիճակի վրա: Հաշվի առնելով արտաքին խնդիրները, Ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանը պետք է միասնական լինի և խնդիրները լուծի երկխոսության և կոմպրոմիսի պայմաններում: Նման ակցիաներ ծավալելիս՝ պետք է հաշվի առնել, թե ինչպիսի հնարավոր արձագանքներ կարող են լինել Ադրբեջանից:
Ալիևը կարող է ասել, որ ավելի ժողովրդավարական կարավարման համակարգի անցավ Հայաստանը, բայց թևակոխեց հեղափոխությունների փուլ, ինչն անցանկալի է, հաշվի առնելով Արցախյան հակամարտության առկայությանը: Ալիևը փաստորեն ամրապնդեց իր իշխանությունը սահմանադրական փոփոխությունների արդյունքում, իսկ Սերժ Սարգսյանը հարվածի տակ է հայտնվել»,- ասաց ռուս քաղաքագետը:
Արձագանքելով ռուս այն փորձագետների և գործիչների պնդումներին, թե Մոսկվայի ուժային կառույցները ՀՀ վարչապետի ցանկության դեպքում կօգնեն կարգավորել երկրում ստեղծված իրավիճակը, Տարասովն ասաց.
«Մոսկվան չի միջամտում և չի միջամտելու այս գործընթացներին, մենք նույնիսկ վախենում ենք այս ամենը մեկնաբանել, քանի որ վստահ ենք, որ հին ժողովուրդներն իմաստուն են, որ կարող է դուրս գալ ստեղծված իրավիճակից պատվով և երկխոսությամբ»:
Նրա պնդմամբ՝ սա հայ ժողովրդի ներքին երկխոսության հարցն է:
Ռուս քաղաքագետի կարծիքով՝ անկասկած է, որ Հայաստանում կան ճգնաժամային էլեմենտներ, այդ էլեմենտները և ընդդիմությունը թերագնահատվել է իշխանության կողմից: Ըստ նրա՝ պետք է պայմանավորվել, և ողջունելի է, որ նման փորձեր են անում իշխանությունները:
Ստանիսլավ Տարասովն արձանագրեց, որ Բաքվում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը ևս հանգիստ չէ: «Ընտրությունները հակաժողովրդավարական որակվեցին արևմտյան համայնքի կողմից, այս ամենը փաստարկներ է տալիս ընդդիմությանը, որը թեև ճնշված է, բայց գոյություն ունի: Բարդ գործընթացներ են Թուրքիայում, Էրդողանն ամերիկացիների հետ է բախվում, Իրանում, Մերձավոր Արևելքում: Այս ամենը պետք է հաշվի առնել: Մենք ընդգծում ենք, որ այս պարագայում հավատում ենք ՀՀ իշխանությունների իմաստնությանը, կոմպոմիսային որոշումներ կայացնելու կարողությանը:
Մյուս կողմից՝ Հայաստանում տեղի ունեցողը չպետք է դրամատիզացնել. նման գործընթացներ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում բոլոր հետսովետական երկրներում: Եթե չեմ սխալվում, Փաշինյանի թիմում 20-30 հոգի են, նրանք այդքանով ՀՀ ճակատագիրն են որոշելու, կայանալու են՝ որպես իշխանություններ: Ես դրան չեմ հավատում: Հուսով եմ` շուտով ամեն բան կավարտվի»,- ասաց Տարասովը:
Վերջինս նշեց, որ հիմքեր չունի պնդելու, որ այս ամենը հրահրված է որևէ արտաքին կենտրոնի կողմից: «Գուցե ժամանակի ընթացքում ինչ-որ բաներ բացահայտվեն, բայց այս պահին ես ներքին ճգնաժամ եմ տեսնում»,- ասաց նա: