
Չինաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին

ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից, ՀՀ պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված՝ ՉԺՀ վարչապետ Լի Քեցյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանը հանդիսանում է Չինաստանի ավանդական և բարեկամ գործընկերը, հայ-չինական հարաբերությունները սկիզբ են առնում դարերի խորքից:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև պահպանվում են բարձր մակարդակի սերտ շփումներ, անշեղորեն ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը,հետևողական կերպով առաջ է ընթանում պրակտիկ համագործակցությունը առևտրատնտեսական, հումանիտար, ենթակառուցվածքային և այլ ոլորտներում:
Չինական կողմը պատրաստ է հայկական կողմի հետ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում հասնի նոր առաջադիմության, որպեսզի «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության համատեղ իրականացումը առավել շատ դրական արդյունքներ ապահովի՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ նոր պատասխանատու պետական պաշտոնում»: