Բաժիններ՝

ԱՄՆ-ում գնահատել են հակառուսական պատժամիջոցների արդյունքը

Սպիտակ տանը կարծում են, որ ռուս գործարարների դեմ սահմանված պատժամիջոցները հասել են անհրաժեշտ արդյունքին: Այս մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Fox Business-ին տված հարցազրույցում։

«Այդ պատժամիջոցները չափազանց կարեւոր միջոցներ են, ակնհայտ է, որ դրանք շատ հզոր միջոցներ են»,- նշել է Մնուչինը:

Նախարարը նաեւ պարզաբանել է, թե ինչու է Վաշինգտոնը հրաժարվել Մոսկվայի նկատմամբ նոր սահմանափակիչ միջոցներից, չնայած ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի արած հայտարարություններին: Նրա խոսքով՝ անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդում տեղի են ունեցել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել է Սիրիայի իրադրության վերաբերյալ ընդհանուր ռազմավարությունը:

Մնուչինը պնդում է, որ բանակցությունների ընթացքում, որոնք կայացել են արդեն պատժամիջոցների վերաբերյալ Հեյլիի արած հայտարարություններից հետո, Վաշինգտոնը «կատարելագործել է» այն:

«Մենք չենք վախենում պատժամիջոցներ կիրառելուց: Մենք կօգտագործենք այդ լծակները, բայց ամբողջ աշխարհով մեկ չենք ազդարարի այդ հարցի վերաբերյալ կոնկրետ մտադրությունները»,- եզրափակել է ֆինանսների նախարարության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս