«2008թ. Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած շարժման համեմատ՝ այս շարժումն ավելի բաց է». Աղասի Թադևոսյան
Երևանում շարունակվում են «Իմ քայլը» նախաձեռնության անդամների բողոքի ցույցերը: Երեկ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ինքը հայտարարում է ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկ: Շարժման ընթացքի և զարգացումների մասին 168.am-ը լսել է ազգագրագետ, մարդաբան, Աղասի Թադևոսյանի տեսակետը: Մեր զրուցակիցը նկատում է՝ իր բնույթի առումով շարժումն աննախադեպ է.
«Կազմակերպչական առումներով այս շարժումն ավելի շատ քաղաքացիական բնույթ ունի, բայց նպատակները քաղաքական են: Իր մեթոդաբանությամբ այն դեմ է արտահայտվում ուժի գործադրմանը և բացառում է դրա հնարավորությունը, բայց, ըստ էության, միտված է իշխանության փոփոխությանը: Իհարկե, եղել են շարժումներ, որոնք շատ ուղղագիծ կերպով են այսպիսի խնդիրներ դրել, բայց այսպիսի շարժում մենք իսկապես նախկինում չենք ունեցել: Իր բնույթով այս շարժումն ավելի բաց է՝ բոլոր մասնակիցների համար:
Եթե մասշտաբներով այն համեմատենք նմանօրինակ՝ 2008 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման հետ, ապա որպես տարբերություն՝ պետք է նկատենք, որ այն իր տեսակով փակ շարժում էր, այսինքն՝ նախատեսված հենց այն ընդդիմության համար, ովքեր հայտարարված, կոնկրետ մարդիկ էին, բոլորը գիտեին այդ դեմքերին, և նրանք նաև կոնկրետ քաղաքական ուժի անդամներ էին, ուրիշներին, կարծեք թե, այնտեղ մտնելու հնարավորություն չկար:
Զուտ որպես մասնակից՝ մարդիկ կարող էին մասնակցել, բայց նախաձեռնողական մասնակցության հնարավորություն տրվում էր միայն կոնկրետ մարդկանց: Անդրադառնալով այս օրերի շարժմանը՝ պետք է նկատել՝ այն պարզապես ստեղծել է դաշտ, որտեղ կարող է մտնել և մասնակցել ցանկացած մեկը, ով կիսում է այս շարժման գաղափարները և ցանկանում է մասնակից դառնալ իշխանության փոփոխության պրոցեսին»:
Մեր այն հարցին, թե երեկվանից շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բնորոշումներ և կոչեր էր հնչեցնում այն մասին, որ Հայաստանում մեկնարկել և տեղի է ունենում թավշյա հեղափոխություն, արդյո՞ք այս տերմինն արդիական բնորոշում է՝ վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցող դեպքերի ֆոնին, Ա. Թադևոսյանը պատասխանում է՝ թավշյա հեղափոխությունը շատ կոնկրետ բան է:
«Առաջին անգամ այն տեղի է ունեցել Չեխիայում՝ 1989 թվականին, մեկնարկելով նոյեմբերին և հաջողությամբ ավարտին հասելով դեկտեմբերին: Սա երկարատև մի պրոցես է, որի հիմնական նպատակն իշխանության փոփոխությունն է՝ առանց բռնի ուժի կիրառման և ուժային բախումների: Իհարկե, այնտեղ էլ սկզբում մի քանի փոքրիկ բախումներ եղել են, բայց շարժման առաջնորդները դա բացառել են, և նրանց հաջողվել է առանց ուժի կիրառման և որևէ արյունահեղության հասնել նրան, որ իշխող քաղաքական ուժը հեռացել է՝ տեղը զիջելով նոր ուժին:
Այստեղից էլ առաջ է եկել «թավշյա հեղափոխություն» տերմինը և մնացել քաղաքական պատմության մեջ: Հիմա, երբ այդ անվանումը տրվում է նաև այս շարժմանը, պետք է պարզապես հասկանալ, որ շարժման առաջնորդները, հավանաբար, դրա մեջ տեսնում են նպատակային նմանօրինակ մտադրություն, այսինքն՝ իշխանափոխություն, որովհետև շարժումը, ըստ էության, նրա համար է, որպեսզի Սերժ Սարգսյանը երրորդ անգամ չկառավարի երկիրը, և Հայաստանում իշխանությունը, այսպես ասած, չճահճանա, որովհետև, ըստ նոր Սահմանադրության, վարչապետը փաստացի երկրի առաջին դեմքն է:
Փաստորեն, այս շարժման մեթոդաբանությունն առանց արյունահեղությունների և առանց բախումների պայքարն է: Այս տեսակետից այն իր նպատակով և իր հայտարարած ձևերով նման է հենց այն հեղափոխությանը, որը տեղի ունեցավ Չեխիայում և ստացավ «թավշյա հեղափոխությունանունը, եթե, իհարկե, այս շարժումը նման շարունակություն, ընթացք ունենա և լուծի այնպիսի խնդիրներ, ինչպես դա եղավ Չեխիայում»:
Մեր այն դիտարկմանը, թե ի՞նչ կարելի է կանխատեսել՝ արդյո՞ք այս շարժումը ևս կստանա նման հանգուցալուծում, ինչպիսին եղավ Չեխիայում, մեր զրուցակիցը պատասխանում է՝ այս պահին շատ բարդ է կանխատեսումներ անել, դրանում կարող են դժվարանալ անգամ քաղաքագետները, հանգուցալուծումները կնշմարվեն ավելի ուշ: Փոխարենը՝ Ա. Թադևոսյանը նկատում է՝ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու ֆոնին նման զարգացումների առկայությունը բնական էր.
«Ի՞նչ է նշանակում, երբ նույն անձը փաստացիորեն գնում է երրորդ ժամկետով կառավարման: Այս պարագայում խնդիրը պայմանավորված է ոչ միայն՝ տվյալ անձով, այլ նաև՝ նրա հետևում կանգնած քաղաքական ուժով՝ ՀՀԿ-ով, որ երկրի զարգացման տեսանկյունից, ըստ էության, իրեն վաղուց սպառել է՝ երկիրը հասցնելով ճգնաժամային եզրին: Դեմոգրաֆիկ առումով ճգնաժամային վիճակ է, սոցիալական առումով՝ աղքատության ծավալները գնալով մեծանում են, բնակչության անվտանգության տեսակետից՝ երկիրը գնալով ավելի ու ավելի խոցելի է դառնում, այսինքն, երկիրն իրականում հայտնվել է խայտառակ վիճակում:
Այս ամենին երկիրը հասցրել է հենց Հանրապետական կուսակցության ռեժիմը: Այսպիսի խայտառակ ցուցանիշներ ցույց տված քաղաքական ուժը շարունակում է մնալ երկրի ղեկավարման ղեկին: Սա լրջագույն խնդիր է մեր երկրի համար, այնպես որ, ես շատ բացասաբար եմ գնահատում այն, որ տեղի ունեցավ երեկ Ազգային ժողովում»: