Այս իրավիճակն ունի զարգացումների երկու սցենար

Մեր զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը

– Պարոն Ենոքյան, Ազգային ժողովը 77 կողմ և 17 դեմ հարաբերակցությամբ ՀՀ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին, մինչդեռ հազարավոր քաղաքացիներ բողոքի են դուրս եկել Հայաստանը ղեկավարելու նրա երրորդ ժամկետի դեմ: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակն ու ներկա զարգացումները մեր երկրում:

– Ստեղծված իրավիճակը ճգնաժամային է: Ակնհայտ է, որ իշխանությունն արդեն չի կարող ետ դառնալ իր ուղուց և ունի զարգացումների երկու սցենար՝ կա՛մ սպասի՝ մինչև միտինգավորները հոգնեն ու տուն գնան, կա՛մ դիմի ուժային եղանակների ու սադրանքների: Սակայն առայժմ ցույցերը ձնագնդի էֆեկտով միայն թափ են հավաքում, այսինքն՝ առաջին եղանակը դեռևս չի աշխատում, իսկ մեծ քանակությամբ ցուցարարները խիստ դժվարացնում են նաև երկրորդ եղանակի կիրառումը: Այնպես որ՝ շատ դժվար է կանխատեսումներ անել այս պատային վիճակի լուծումների վերաբերյալ:

– Սերժ Սարգսյանը «Ելքին» հորդորեց իրենց գործընկերոջը փողոցից բերել խորհրդարան, և նշեց, որ դա ընդամենը խորհուրդ է՝ ո՛չ պարտադրանք, ո՛չ դատավաճիռ և ո՛չ էլ մեղադրանք: Ս.Սարգսյանն ասաց. «Երբեք որևէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժն արյան ծարավ չի ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, շա՜տ»: Ի՞նչ է սա նշանակում, հնարավոր է՝ ուժի կիրառում ցուցարարների դեմ, երկրորդ Մարտի 1:

– Սերժ Սարգսյանի հորդորում, իհարկե, որոշակի ակնարկ կա ուժային եղանակների վերաբերյալ, սակայն, կրկնեմ, ներկա պահին նման լուծումը քիչ հավանական եմ համարում: Այլ խնդիր կա՝ անցած տարիներին Սերժ Սարգսյանի իշխանության ուժեղացումը տեղի է ունեցել պետության թուլացման հաշվին, և ներկա վիճակը հենց պետության թուլության մասին է խոսում:

Իշխանություններն ուժեղ պետության տակ հասկանում են ամեն գնով ստեղծված ուժեղ բանակ, լավ զինված ոստիկանություն, գերակշիռ խորհրդարանական մեծամասնություն: Մինչդեռ այս ընթացքում բացարձակ կտրվել է իշխանության և ժողովրդի միջև կապը, հասարակական երևույթներին ադեկվատ արձագանքելու մեխանիզմները, ինչն էլ հենց թույլ պետության նշանն է:

Տարբեր միջոցներով ուժեղացնելով ինքն իրեն՝ իշխանությունը փակել է հասարակության արտահայտվելու քաղաքական ուղիները, ինչն էլ բերում է եղած խորը դժգոհության պայթյունների:

Իսկ Սերժ Սարգսյանի նման հայտարարությունը խոսում է այն մասին, որ իշխանությունը չի մտածում քաղաքական բնականոն մեխանիզմների վերստեղծման մասին, այսինքն՝ անգամ այս դեպքում ցուցարարներին «հաղթելու» պարագայում՝ իշխանությունն իրեն ոչ մի կերպ չի ապահովագրի ապագայում դժգոհության նման պայթյուններից:

– Նիկոլ Փաշինյանը հաստատակամություն է հայտնել՝ սկսված պայքարը նպատակին հասցնելու, և հայտարարել է, որ մեկնարկում է «ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխություն», և իրենց խնդիրն է՝ կաթվածահար անել իշխանությանը: Կհաջողվի՞ դա նրանց, և ո՞ւր կհասցնեն ընդդիմության գործողությունները:

– Շատերը Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին, որ նա այլևս «ինստիտուցիոնալ» չէ, որ քաղաքական պահանջներ և փոփոխությունների տեսլական ներկայացնելու փոխարեն՝ նա թիրախավորում է միայն մեկ անձնավորության: Սակայն զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանի բուրգաձև կառուցվածքով իշխանության պայմաններում թիրախը ճիշտ էր ընտրված, այսինքն՝ հասարակությունն այն չընկալեց՝ որպես միայն Սերժ Սարգսյանի դեմ պայքար, այլ՝ նրա ղեկավարած բուրգի, նրա կառավարման համակարգի դեմ: Բայց բրգաձև կառուցվածքը նաև նշանակում է, որ իշխանությունը կաթվածահար անելու համար անհրաժեշտ է կաթվածահար անել հենց Սերժ Սարգսյանի գործողությունները, ինչը կարծես թե չի ստացվում:

– Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում զերծ մնալ ցուցարարների դեմ բռնի ուժի գործադրումից, Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ ոստիկանության կողմից բռնությունների պատասխանատուն այժմ Սերժ Սարգսյանն է: Արդեն իսկ կան վիրավորներ և բերման ենթարկվածներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:

– Անցած մի քանի օրերին կար հարաբերական անիշխանության վիճակ, և, ասենք, Կարեն Կարապետյանը չէր գնա կոշտ գործողությունների՝ հանուն Սերժ Սարգսյանի վարչապետության: Վարչապետ ընտրվելուց հետո իրավիճակի ուժային լուծումների հնարավորության ողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի վրա:

– Աշխարհաքաղաքական վտանգների միջազգային վերլուծական կենտրոնը՝ Foreign Brief-ը, պնդում է՝ Սերժ Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում կասկածի տակ է դնում Հայաստանի ժողովրդավարության կայունությունը: Ինչպիսի՞ն կլինի միջազգային հանրության արձագանքը տեղի ունեցողին:

– Մեզանում կա ժողովրդավարության այլասերված ընկալում՝ որպես մեծամասնության իշխանություն: Հենց այդ պատճառով էլ նպատակ է դրվում ամեն գնով հասնել մեծամասնության, որին հետևում է այդ մեծամասնության ամենաթողությունը: Մեծամասնական նման ժողովրդավարությունը հատուկ է աթենական բրուտալ դեմոկրատիային կամ կոմունիստական դեմոկրատական ցենտրալիզմին: Ժամանակակից աշխարհում մեծամասնության իշխանության առաջնահերթ խնդիրը փոքրամասնության շահերի պաշտպանությունն է, հենց դա է ժողովրդավարության լիբերալ իմաստը:

Հայաստանում ընթացող պրոցեսները ցույց են տալիս, որ, եթե անգամ անխոս ընդունենք խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ապա հազարավոր մարդկանց շահերը հաշվի չեն առնվում, ավելին՝ այդ մարդիկ չունեն ժողովրդավարական եղանակով իրենց շահերն արտահայտելու հնարավորություն: Առանց միջազգային կենտրոնների հայտարարությունների էլ ենք հասկանում, որ այստեղ չի կարելի խոսել ժողովրդավարական կայունության մասին: Իսկ միջազգային կառույցներն անհրաժեշտ պահերին կօգտագործեն այդ հանգամանքները:

Տեսանյութեր

Լրահոս