Հեյլին իրազեկված չի եղել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շուրջը Սպիտակ տան դիրքորոշման փոփոխման մասին
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ժամանակին չի տեղեկացվել, որ Միացյալ Նահանգների վարչակազմը փոխել է դիրքորոշումը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 17-ին այս մասին The New York Times թերթի թղթակիցներին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կից Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քադլոուն։
«Նա որոշակիորեն ոչինչ չի շփոթել,- հավելել է նա:- Իմ կողմից սխալ էր ասել նման բան, միանգամայն սխալ»: Ապրիլի 15-ին Հեյլին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, թե «Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կլինեն» նրա կողմից Սիրիային աջակցելու պատճառով, իսկ դրանց մասին պետք է հայտարարեին արդեն ապրիլի 16-ին: Սակայն դա տեղի չունեցավ:
Քադլոուն ապրիլի 17-ին կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ Վաշինգտոնում քննարկում են լրացուցիչ հակառուսական պատժամիջոցների սահմանման հարցը, բայց վերջնական որոշում տակավին չի ընդունված: Քադլոուն ասել է, որ Հեյլին «առաջ է վազել», եւ որ նա կարող էր ինչ-որ բան «շփոթած լինել»: Ի պատասխան Հեյլին տարածել է հայտարարություն, որում ընդգծել էր, որ իրեն հատուկ չէ այդ կերպ սխալվելը: «Ամենայն հարգանքով հանդերձ, ես չեմ շփոթվում»,- նշել է նա: Քադլոուն թերթի լրագրողներին հայտնել է, որ զանգահարել է Հեյլիին եւ ներողություն խնդրել նրանից: